«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը, երբեք չենք ընկճվի». Գարո Փայլանը՝ քրդամետ պատգամավորների ձերբակալությունների մասին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Facebook սոցցանցի իր էջում և Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է նոյեմբերի 3-ին Թուրքիայի խորհրդարանի HDP կուսակցության անդամների ձերբակալություններին՝ հրապարակելով վերջիններիս լուսանկարներն ու քուրդ պատգամավորների ձերբակալությունը պատկերող տեսանյութեր։
Հիշեցնենք, որ գիշերը ձերբակալվել են կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշը, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև HDP-ի տասնյակ պատգամավորներ։
«Մենք երբեք չենք ընկճվի»,- Facebook սոցցանցի իր էջում գրել է հայազգի պատգամավորը։
«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը: Թույլ մի՛ տվեք, որ այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն մեր երկիրը, մեր երիտասարդներին, մենք չենք խոնարհի մեր գլուխը»,- Twitter-ում գրել է Փայլանը։