Հայտնի է դարձել Թուրքիայի քրդամետ HDP կուսակցության ևս մեկ պատգամավորի ձերբակալության մասին
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Իմամ Թաշչիերը ևս հայտնել է իր ձերբակալության մասին։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միջոցով։
«Ես գտնվում եմ Անկարայի հյուրանոցում, ինձ ձերբակալել են»,- գրել է պատգամավորը միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին և համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղին։ Ձերբակալվել է նաև HDP-ի 16 պատգամավոր։
Ձերբակալություններ են իրականացվել նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում և երկրի արևելքում։
Վերջիններիս ձերբակալել են պատճառաբանությամբ, թե նրանք չեն ներկայացել՝ դատարան վկայություններ տալու նպատակով։
Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո հրավիրվել են դատարան, սակայն «անտեսել են այդ հրավերները», ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել նրանց ձերբակալել։
Թուրքիայի խորհրդարանը մայիսին օրենք էր ընդունել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Դրա օգտին քվեարկել էր 550 խորհրդարանականներից 376-ը։
Օրենքի ընդունմանը կողմ էր հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։