Բաժիններ՝

Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին բանաձևի պատճառով արգելափակում է Գերմանիայի նախագծերը «Իջիրլիքում»․ Welt

Թուրքիան շինարարական նախագծերի թույլտվություն չի տրամադրում Գերմանիային, որը մտադիր է դրանք իրականացնել «Իջիրլիք» ռազմաբազայում, որտեղ տեղակայված է բունդեսվերի առաքելությունը, հայտնում է գերմանական Welt պարբերականը։

Գերմանիան մտադիր էր 58 մլն եվրո ներդնել թուրքական ավիաբազայում՝ իր առաքելությանն աջակցելու նպատակով։ Բյուջեն ներառում էր գերմանական բազմաթիրախային Tornado կործանիչների համար թռիչքուղու շինարարություն, ժամանակակից շարժական հրամանատարական կետի ստեղծում և այլն։

Ինչպես պարզ է դառնոիմ Գերմանիայի կառավարության պատասխանից, որը պատասխանել է «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ագնեշկա Բրուգերի հարցմանը, այսպես կոչված «ենթակառուցվածքային արձանագրությունը» մինչ օրս ստորագրված չէ, քանի որ «թուրքական կողմը ներքին պրոցեդուրաներ է անցկացնում վերջնական հաստատման համար»։

Աշխատանքը պետք է սկսվեր 2016թ. կեսին։

Այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն, բուռն արձագանքներ էր առաջացրել Թուրքիայում և լարվածություն առաջացրել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում։

Թուրքիայի կողմից հնչել էին մի շարք կտրուկ հայտարարություններ գերմանացի խորհրդականների հասցեին։

Բացի այդ՝ Թուրքիան հետ էր կանչել Բեռլինից իր դեսպանին, այնուհետ արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել «Իջիրլիք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս