Շոյգուն կոչ է արել Հայաստանին և ՀԱՊԿ դաշնակիցներին մասնակցել Սիրիայի մարդասիրական գործողություններին
Ռուսաստանը հրավիրել է ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին, ինչպես նաև այլ պետություններին մասնակցել Սիրիայի մարդասիրական գործողություններին, նախօրեին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և Սիրիայի կառավարական զորքերի համատեղ գործողությունների արդյունքում ահաբեկիչներից ազատագրվել է ավելի քան 12 հազար կմ քառակուսի տարածք։ Գրեթե 900 բնակավայրի բնակիչներ միացել են խաղաղ գործընթացին։
Ներկայումս առավել դժվար իրավիճակ է ստեղծվել Հալեպի շուրջ, որի մի մասը գրավել են զինյալները։ Կապված այն բանի հետ, որ քաղաքի բնակիչները աջակցության կարիք ունեն, որոշում է կայացվել սկսել մարդասիրական գործողություն»,- հայտնել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Բելառուսն առաջիններից մեկն է արձագանքել Ռուսաստանի առաջարկությանն ու մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։
Հոկտեմբերի 4-5-ին Հայաստանը երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն էր ուղարկել Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին։