Իրականում որքան կարժենա «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա 10 հազար դրամանոց ավիատոմսը. մեկնաբանում է «Պոբեդա»-ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` ՀՀ քաղաքացիները, կարծես, երանելի մոլորության մեջ են: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գայթակղիչ հայտարարություն է արել, թե 10000 դրամով թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներից` պատճառաբանելով, որ այստեղ ուղևորների սպասարկման գինը բարձր է: Հանրության լայն զանգվածների մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ սույն ավիաընկերությունը խաբում է ՀՀ-ի քաղաքացիներին` այդպիսով իր գովազդն անելով՝ միաժամանակ «ցեխ շպրտելով» «Զվարթնոցի» վրա:
Իսկ ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական ընկերությունը: Հայրենի քաղավիացիայի գլխավոր վարչությունից սպառիչ պատասխան չստանալուց հետո, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Պոբեդա» ավիաընկերության հետ: Այստեղից նշեցին, որ «Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է: Իսկ 10000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում՝ սահմանափակ քանակով: Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի: Ճիշտ և ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման. սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երևանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։