Հայաստանը կփրկվի համաշխարհային աղետից

«Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում…»,- տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների  ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հասկանալի է, արտահայտությունը փոխաբերական իմաստով է արվել, սակայն, այդքանով հանդերձ, այն մատնում է Հայաստանի իշխանության, իշխող էլիտայի մտածողությունը, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, ամենայնը, ինչը պայմանավորում է էլիտա կոչվածի վարքագիծն ու գործելաոճը։

«Աշխարհը շուռ տալ»։ Շատ հայկական է, շատ երևանյան է ու շատ ֆատալիստական է։ Հիմքում դրված է պատահականության շանսը. մեկ էլ տեսար՝ հայ ծրագրավորողների շարքում ի հայտ եկավ հայկական Ցուկերբերգը կամ ջավախահայ Գեյթսը ու մի հեղափոխական ստարտափ արեց՝ շուռ տալով աշխարհը։ Կպավ՝ կպավ։ Սա այն մտածողությունն է, որով, ցավոք, այսօր ապրում է Հայաստանի ոչ միայն վերնախավը, այլ նաև շարքային քաղաքացիների զգալի մասը։ Կպավ հերթական վարկը, լավ է՝ կգոյատևենք, կպավ հարևանին ֆռռացնելու հերթական մտահղացումը, էլի վատ չէ։ Ու այդպես, մինչև հաջորդ կպնում։

Իրականում կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, որն իսկապես, ինչպես նշել է Կարեն Կարապետյանը, մեր տնտեսության շարժիչներից մեկն է, պետք է շուռ տալ ոչ թե աշխարհը, այլ Հայաստանը։

Հայաստանը պետք է դարձնել տարածություն, որտեղից ծրագրավորողներն ու ՏՏ ոլորտի մասնագետները ոչ թե ցանկանում են հեռանալ ամեն կերպ՝ գտնելով իրենց ինքնաիրացման համար ավելի նպաստավոր միջավայր, ու բողոքում են ԱՄՆ դեսպանատնից՝ վիզա չտրամադրելու համար, այլ ճիշտ հակառակը՝ Հայաստանը պետք է դառնա ՏՏ ոլորտի համար դրախտավայր, դեպի ուր կցանկանան մեկնել ծրագրավորողները՝ աշխարհի բոլոր ծայրերից։ Հավակնո՞տ է հնչում։ Այո։ Բայց մի՞թե պակաս հավակնոտ է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի կողմից ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից աշխարհացունց նախագիծ ակնկալելը։

Լեզվամտածողությունը բազմաթիվ հետաքրքիր ու թաքնված շերտեր ունի, ունի այնպիսի շերտեր, որոնք մատնվում են խոսքով։ Աշխարհը շուռ տալու ցանկությունն իրականում Հայաստանը շուռ տալու անկարողության գիտակցման հետևանքն է։ Որովհետև շուռ տալ Հայաստանը, նշանակում է՝ Հայաստանը դարձնել օրենքի, օրինականության, հավասարության ու արդարության երկիր։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է՝ շուռ տալ այն բոլոր հիմքերը, որոնց վրա խարսխված է Հայաստանի ներկայիս իշխանությունը, որի մասն է նույն Կարեն Կարապետյանը։ Կուսակցական կրծքանշանով կամ առանց դրա։

Նյուզմեյքերությունը վատ զբաղմունք չէ։ Թերթերի ու ինտերնետային տարածության համար ընթերցվող վերնագրերի արտադրությունը՝ նույնպես։ Բայց դա լավ է այն դեպքում, երբ ծառայեցվում է գործին, այսինքն՝ սպասարկում է աշխատանքը։

Երբ գործի քարոզչություն է, մի խոսքով։ Հայաստանի պարագայում առայժմ հակառակն է՝ գործը դեռևս նույնական է հիշարժան ու քննարկվող արտահայտությունների հետ։ Նույնական է այնքան, որ կարծես դա գործի բովանդակությունն է, ոչ թե ձևը։

Այնպես որ, կարող ենք հանգիստ լինել։ Հայաստանում դեռևս ոչինչ շուռ չի գալու։ Հայաստանի ղեկավարներն առայժմ զբաղված են աշխարհը շուռ տալով։ Հայաստանը կփրկվի համաշխարհային աղետից։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս