Ասադի կողմից կռվում են օտարերկրացի իսլամիստներ. Bild
Քչերը գիտեն, որ բազմաթիվ իսլամիստական կազմակերպություններ, որոնց ԱՄՆ-ը և Եվրոպան ճանաչել են որպես ահաբեկչական, կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի կողմից, գրում է գերմանական Bild պարբերականը։
Սիրիացի ակտիվիստները կազմել ու Twitter-ում հրապարակել են 66 օտարերկրյա շիա կազմակերպությունների ցուցակը։
«Այդ ստորաբաժանումները Ասադի յուրաքանչյուր հարձակման միջուկն են կազմում, հատկապես ռուսական միջամտությունից հետո։ Դրանք ոչ թե օգնող ստորաբաժանումներ են, որոնք օգնում են Ասադի զորքերին, այլ ավելի շատ Ասադի բանակն է»,- պատմում է Սիրիայի հարցով փորձագետ Միխայել Հորովիցը։
«Ամենամեծ կոնտինգենտը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որի կազմում աֆղանական «Ֆաթիմիյուն» ջոկատն է և ավելի փոքրաթիվ «Զանաբիյուն», որը բաղկացած է պակիստանցիներից։
Մարտիկների ճշգրիտ թվաքանակը հասնում է մինչև 10-12 հազարի։ Ասադի կողմից կռվում է նաև Եվրոպայում ահաբեկչական հռչակված «Հեզբոլլահ» լիբանանյան կազմակերպությունը, որը Սիրիայում ունի 6-8 հազար զինյալ»,- ասում է փորձագետը։
Եվս մեկ կազմակերպություն, որը մասնակցում է Սիրիայում ընթացող մարտերին, իրաքա-շիական «Կատաիբ Հեզբոլլահն» է, որն ԱՄՆ-ում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Bild-ը նաև հայտնում է, որ Իրանը մինչ փախստականի կարգավիճակ շնորհելը երկիր ժամանող աֆղանցի ընտանիքներին, նրանց առաջ պայման է դնում, որ տղամարդիկ պետք է մեկնեն Սիրիա՝ պատերազմելու։ Human Rights Watch-ի տվյալներով՝ իրանցիները նման կերպ են վարվել հազարավոր աֆղանցիների հետ։