«Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ». Կարասին
Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Խոսելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին՝ Կարասինը նշել է, որ «այստեղ միանշանակ գնահատական տալն անհնար է»։
«Մի կողմից՝ վերջին 4 տարում հաջողվել է զգալիորեն առողջացնել երկկողմ հարաբերությունները՝ դրանք դուրս բերելով փակուղուց, որում հայտնվել են Միխայիլ Սաակաշվիլիի ռեժիմի մեղքով։
Ռուսաստանը վերադարձել է Վրաստանի արտաքին տնտեսական կարևոր գործընկերների շարքը, կարգավորվել է տրանսպորտային հաղորդակցությունը, բուռն զարգանում են ավանդական մարդասիրական շփումները, մշակութային փոխանակությունը։ Այսինքն՝ ձեռք են բերվել կարևոր արդյունքներ, որոնք լիարժեքորեն համապատասխանում են մեր երկու երկրների շահերին»,- ասել է նա։
«Սակայն, միևնույն ժամանակ, վրացական կողմը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք խզել է 2008թ. սեպտեմբերին։ Պաշտոնական Թբիլիսին պարբերաբար մեր երկրի նկատմամբ հանդես է գալիս հռետորաբանությամբ։ Դա, մեղմ ասած, կայունություն չի հաղորդում վերոնշյալ դրական միտումներին»,- հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Կարասինը նաև հայտնել է, որ ներկայիս փուլում երկու երկրների նախագահների հանդիպում չի պլանավորվում։