«ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախաստորագրումը կտեղափոխվի եկող տարվա ապրիլ». փոխնախարար
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, թե Հայաստանի համար առաջնային է մնում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը:
ԱԺ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց, որ կառավարության ծրագրի արտաքին առաջնահերթությունների բաժնում ԵՄ-ն 15-րդ տեղում է նշված: Ըստ նրա` Մաքսային միությունից և Եվրասիական տնտեսական միությունից տնտեսական առումով Հայաստանը պլյուսներ դեռ չի տեսել, իսկ մինուսները, որ կորցրեց` չնախաստորագրելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, կարծես թե գնալով ակնառու են դառնում:
Անդրադառնալով առաջիկայում Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական փաթեթի վավերացմանը` Ն. Զոհրաբյանը նշեց, որ հասկանալի է, թե ինչ է ընդգրկված լինելու փաթեթի քաղաքական բաժնում, նաև հասկանալի է, որ տնտեսական մասը չի կարող ներառել ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագրի ողջ ծավալը:
«Կներեք, Մաքսային միության խերը չենք տեսել, հույս ունենք, որ կտեսնենք, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչում, ցավոք, շատ բան կորցնում ենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հետաքրքրվելով, թե ի՞նչ ծավալով է լինելու ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի տնտեսական մասը:
Կ. Նազարյանը պատասխանեց, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումից հետո տևական ժամանակ կպահանջվի ԵՄ 28 անդամ պետությունների կողմից դրա վավերացման համար. «Փաստաթղթի ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության բաժինը դեռ քննարկվում է, նախաստորագրումը, հավանաբար, կտեղափոխվի եկող տարի՝ ապրիլ ամիս»:
Կ. Նազարյանը հույս հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի: Նա նշեց, որ 2015թ. դեկտեմբերին մեկնարկած նոր համապարփակ փաստաթղթի շուրջ բանակցությունների 6 փուլ արդեն կայացել է, հաստատվել է 2 կարևորագույն ծրագրերին Հայաստանի մասնակցությունը` Փոքր և միջին ձեռնարկությունների ծրագիրը և «Հորիզոն 2020», շարունակվում են ընդհանուր օդային գոտու շուրջ բանակցությունները, և այլն: