«Պոլսո Հայոց նոր պատրիարքից սպասում ենք հայի գիտակցություն». Պատրիարքի ընտրությունների հարցը՝ կրկին հայ համայնքի ուշադրության կենտրոնում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել է հայ համայնքի ուշադրության կենտրոնում։ Այս անգամ կարծես թե հարցը կհանգուցալուծվի հօգուտ հայ համայնքի, որը վերջին 8 տարիների ընթացքում Հայոց պատրիարքի ընտրություններ էր պահանջում, ինչը, ըստ շրջանառվող խոսակցությունների, խոչընդոտում էին Թուրքիայի իշխանությունները՝ զգուշանալով իրենց ոչ այնքան նվիրված թեկնածուի հաղթանակից։ Ըստ եկեղեցական և Թուրքիայի Հանրապետության սահմանած որոշ օրենքների՝ ընտրությունները կարող էին անցկացվել շատ ավելի վաղ։

Ավելին 2009 թվականին խոսակցություններ էին սկսվել պատրիարքի ընտրությունների վերաբերյալ և արվել որոշ քայլեր. անգամ հայտնի էին դարձել թեկնածուները: Սակայն որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով ընտրություններ անցկացնելու հարցը դուրս էր բերվել օրակարգից, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ նշանակվել պատրիարքական փոխանորդ: Եվ արդեն ութ տարի ընտրություններ անցկացնելու հարցն արհեստականորեն ձգձգվում էր, թեև հայ համայնքն այս ընթացքում տարբեր ակցիաներով և նախաձեռնություններով պահանջել է անցկացնել ընտրություններ: Ըստ Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների՝ պարզապես Արամ Աթեշյանը, ելնելով անձնական շահախնդրությունից, հետաձգում էր ընտրությունների անցկացումը` հասկանալով, որ ընտրությունների արդյունքում ինքը չի ընտրվելու Պոլսո պատրիարք՝ իր մի շարք հակահայկական և թուրքամետ դիրքորոշումների պատճառով։

168.am-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը հույս հայտնեց, որ մինչ տարեվերջ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հարցը հստակեցված կլինի։ Նրա խոսքով, արդեն հայտնի են այն թեկնածուները, որոնք առաջադրված կլինեն ընտրություններում։ Էստուկյանի փոխանցմամբ, թեկնածուներն են Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արք. Պեքճյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր ժողովի ատենապետ Սահակ եպիսկ. Մաշալյանը։

Էստուկյանը նշեց, որ թեկնածուները հայտնի են, բայց ընտրությունների ուղղությամբ դեռ հստակ գործընթաց չի սկսվել, քանի որ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվել, բայց դիմումը, համաձայն որի՝ Թուրքիայի իշխանությունները պետք է արտոնեն ընտրությունների անցկացում դեռ չի պատրաստվել։ Ըստ Էստուկյանի՝ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր ժողովը, ըստ օրենքի, պետք է դիմի Թուրքիայի համապատասխան մարմիններին՝ մասնավորապես, Ստամբուլի նահանգապետարանին և Ներքին գործերի նախարարությանը։

«Այդ դիմումը, իմ տեղեկություններով, համապատասխան մարմիններին կներկայացվի հաջորդ շաբաթ։ Թե երբ կլինի դիմումի պատասխանը, շատ դժվար է ասել, գուցե լինեն ձգձգումներ թույլտվության հարցում։ Միայն դրանից հետո պետք է սկսվի ընտրության գործընթացը։ Բայց կարծում եմ, նախկին փորձը չի կրկնվի, և այս անգամ ընտրություններն իսկապես կկայանան»,- նման հույս հայտնեց Բագրատ Էստուկյանը՝ շարունակելով, որ հայ համայնքը, բացի պատրիարքի ընտրություններից, ունի հաստատությունների ընտրության խնդիր, որը նույնպես չորս տարի է, ինչ ձգձգվում է։ Այդ ուղղությամբ ևս, նրա փոխանցմամբ, զարգացումներ չկան, քանի որ նոր օրենքի անհրաժեշտություն կա, նոր օրենք պետք է պատրաստվի, որը դեռ չկա։ «Բայց համայնքի ներսում աշխատանքներ են տարվում փաստաբանների միջոցով, որպեսզի այս ընտրություններն անցկացվեն»,- տեղեկացրեց Էստուկյանը։

Բագրատ Էստուկյանն ասաց, որ չորս թեկնածուների շարքում կան իր համար նախընտրելի անձինք, բացառությամբ Աթեշյանի։ Նրա վստահեցմամբ, ընտրությունների անցկացման դեպքում հայ համայնքն ընտրության հնարավորություն կունենա, քանի որ կան պատրիարքի աթոռին արժանի թեկնածուներ։

«Մենք Թուրքիայի Հայոց պատրիարքից սպասում ենք նախևառաջ՝ հայի գիտակցություն, հայեցի, հետո՝ Թուրքիայի քաղաքացու պատասխանատվությամբ գործունեություն։ Սրանցից մեկը մյուսին չի հակասում, այսինքն՝ կարելի է թե Թուրքիայի պատվավոր քաղաքացի լինել, թե հայ լինել, բայց վերջին տարիներին սրանցից մեկը գերիշխող էր. Աթեշյանը, լինելով Թուրքիայի պատվավոր քաղաքացի, հայությունը ոտնատակ տվեց Բունդեստագի դեմ իր՝ նախագահին ուղղված նամակով։ Այսինքն՝ այս երկուսը համատեղել կարելի է։ Հայի ազգային արժանապատվությանը պետք է տեր կանգնել»,- նման կարծիք հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոսի» հայկական բաժնի խմբագիր Էստուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս