Արամ Մանուկյանը` Կարեն Նազարյանին. «Կառավարության ծրագրում ձեր հատվածն ամենաջրառատն է»
«Կառավարության ծրագրում ձեր հատվածն ամենաջրառատն է: 23 կետ է, բոլորն այսպիսի արտահայտություններ են` «ամեն ինչ պետք է ուղված լինի բաղադրիչի ամրապնդմանը», «Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ընդլայնմանը», «Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների խորացմանը», «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», «շարունակմանը», «զարգացմանը», «ձևավորմանը»… Այսպիսի ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա: Ձեր այս ծրագրերի արդյունքում է, որ ներդրում չկա Հայաստանում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` դիմելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին:
Նա հարցադրում արեց` ի՞նչ են արել դեսպանատների ատաշեները, որ ներդրումները կրճատվել են: Ա.Մանուկյանը նշեց, որ միայն Թուրքիան Վրաստանում ներդրել է 7-8 անգամ ավելի շատ, քան բոլոր ներդրումները Հայաստանում, Իրանն Ադրբեջանում՝ 10 անգամ ավելի շատ, Վրաստանը Մետաքսի ճանապարհի վրա միջազգային կառույցներից բերել է 40 մլրդ ներդրումներ, իսկ Հայաստանից այս ճանապարհը «թռավ»:
«Ի՞նչ է անում Արտգործնախարարությունը, ի՞նչ եք անում այս դաշտում, որ Հայաստանը դառնա գրավիչ երկիր: Հայաստանն այս տարածաշրջանում անկլավ է,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ բոլոր հարևաններն իրար հետ հեռանկարային զարգացման ծրագրեր են իրականացնում, Իրանն այսօր շատ ավելի երկարաժամկետ ու ռազմավարական ծրագրեր է կազմում Ադրբեջանի հետ,- Որտե՞ղ է մեր ռազմավարությունը, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային քաղաքական սուբյեկտ»:
Ա.Մանուկյանի խոսքով` ԵՄ պատվիրակության հետ իրենք ավելի շատ են աշխատում, քան նախարարությունը, մասնավորապես` առաջիկա ընտրությունների հետ կապված, և ԵՄ-ն ավելի շատ գումար է դնում կոնկրետ ընտրությունների համար, քանի որ ժողովրդավարական ընտրությունները միակ հեռանկարն է Հայաստանի համար:
Կ.Նազարյանն իր հերթին՝ հարցադրում արեց, թե ինչպե՞ս պետք է չափելի դարձնեն արտաքին հարաբերությունները:
«Մեր գործառույթները հստակ նշված են նախագահի հրամանագրում: ԵՄ պատվիրակության հետ մենք աշխատում ենք բավականին ինտենսիվ: Կան աշխատանքային հանդիպումներ, որոնց մասին չի խոսվում, արտացոլում ենք միայն արդյունքները»:
Փոխնախարարն առաջարկեց ավելի պարբերական հանդիպումներ կազմակերպել ԱԺ-ում, եթե կան հարցեր ԱԳ նախարարությանը: