
Չինացիները Հայաստանի վիզա կկարողանան ստանալ էլեկտրոնային եղանակով

Հայաստանի վիզա ստանալու հայտերի էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի Չինաստանի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է 2015թ.-ից ի վեր ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի կտրուկ աճով: «2015թ. նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է շուրջ 70 տոկոս, իսկ 2016թ. 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 80 տոկոս աճ: ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերը գրեթե բացակայում են»,- ասաց փոխնախարարը:
Ներկայում ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման միակ բարդությունը կապված է երկրի աշխարհագրական չափերի հետ, ինչը դժվարություն է ստեղծում մայրաքաղաքից հեռու բնակվող ՉԺՀ քաղաքացիների համար:
Նշված խնդրի արդյունավետ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ ՉԺՀ քաղաքացիներին E-VISA համակարգից օգտվելու հնարավորության ընձեռումը, ինչը կնպաստի, մասնավորապես, ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի աճին: