Բաժիններ՝

«Ոչ ստանդարտ կոշիկներ պատվիրելը հանրորեն վտանգավոր արաք չի կարող դիտվել». Դատարանի իրավական գնահատականները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. հոկտեմբերի 19-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը, որոշեց մերժել այն:

Հիշեցնենք՝ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը ոտքերի այտուցվածության ու կոշտուկների պատճառով զինծառայության հիմնական մասը անցկացրել է զինվորական հոսպիտալում՝ չկարողանալով կրել զինվորական կոշիկներ և իրականացնել ծառայությունը: Հերթական անգամ ԿՌԲՀ որոշմամբ հաստատվել է, որ վերջինս չի կարող կրել զինվորական ստանդարտ կոշիկներ, և զինվորական հրամանատարությունը, առանց Նախարարի համապատասխան հրամանի, որոշել է նրան տրամադրել ոչ ստանդարտ զինվորական կոշիկներ, ինչը, սակայն, անօրինական է:

Դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանը հրաժարվել էր քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով: Բողոքի վերաբերյալ իր որոշմամբ, Դատարանը արձանագրում է, որ վերոնշյալ որոշումը կայացնելիս «քննիչի կողմից պահպանվել են նյութական և դատավարական օրենսդրության պահանջները և անձի իրավունքների ու ազատությունների խախտումներ չեն արձանագրվել»:

Համակարծիք լինելով քննիչի հետ՝ Դատարանը գտնում է, որ զինծառայողի համար «ոչ ստանդարտ կոշիկներ պատվիրելը հանրորեն վտանգավոր արաք չի կարող դիտվել, քանի որ այն հանցագործության հատկանիշներ չի պարունակում»:

Միաժամանակ՝ վկայակոչելով ՀՀ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքրերի մի շարք դրույթներ՝ փաստում, որ քննիչն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է հնարավոր բոլոր դատավարական գործողությունները հանցագործության մասին հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ, սակայն հանցագործության դեպք չի հայտնաբերվել: Դատարանի որոշումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակից կբողոքարկվի սահմանված կարգով: Հավելենք, որ Ռազմիկ Պետրոսյանը զինծառայության հետ անհամատեղելի խնդիրներով հանդերձ շարունակում է ծառայությունը: Նրան զինծառայության համար պիտանի ճանաչելու մասին՝ ՀՀ ԿՌԲՀ 2016 թ. մարտի 3-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է նաև Վարչական դատարան, սակայն վերջինս հայցը վարչական դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով հրաժարվել է հայցադիմումը վարույթ ընդունելուց:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս