«Պոբեդան» դեպի Երևան չվերթեր չի իրականացնի. աղբյուր
Ռուսական «Պոբեդա» լոուկոստեր-ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) պատրաստվում է հրաժարվել դեպի Երևան չվերթերից: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ պատճառն օդանավակայանի ծառայությունների բարձր սակագներն են ուղևորների համար։
«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան թռիչքներից օդանավակայանում ուղևորների սպասարկման անընդունելի բարձր արժեքի պատճառով։ «Զվարթնոցում» այն կազմում է 1 մարդու հաշվով 50 եվրո, ինչն ավելին է, քան մեր սակագինը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
«Պոբեդայի» արտասահմանյան ցանցում օդանավակայաններում ուղևորների սպասարկումը միջինը 1 անձի համար կազմում է 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում՝ անգամ անվճար է։
Ավելի վաղ «Պոբեդան» հնարավոր էր համարել Դոնի Ռոստովից Երևան թռիչքների իրականացումը։ Ավիաընկերությունը ուներ հնարավորություն՝ Մոսկվայից թռիչքներ իրականացնել նաև Գյումրի։
Այսօրվա դրությամբ «Պոբեդան» թռիչքներ է իրականացնում 9 միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Գերմանիա, Կիպրոս, Իտալիա, Ավստրիա։
Հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին «Պոբեդան» երկու միջազգային չվերթ է սկսել իրականացնել Դոնի Ռոստովից դեպի Բաքու և Թբիլիսի։
Այժմ «Պոբեդան» Վրաստանի մայրաքաղաք Է թռչում շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բայց արդեն մոտ ժամանակներս պլանավորվում է չվերթերը դարձնել ամենօրյա։
«Պոբեդան» կազմավորվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկած «Դոբրոլյոտի» փոխարեն: 2015 թվականի արդյունքով՝ «Պոբեդա» ավիաընկերությունը սպասարկել է 3.09 մլն ուղևորի։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ փոխադրողն այդ ցուցանիշով յոթերորդ տեղն Է զբաղեցրել ՌԴ-ի քաղաքացիական ավիացիայում։
Ավիաընկերությունն օգտվում է 737-800 ինքնաթիռներից։