Կինը եւ քաղաքականությունը, կարծրատիպերից այն կողմ. «սիրող մայր» թե՝ «անսիրտ էակ»
1850-ականներին Նյու Յորքում գործող Երեխաների օգնության հիմնադրամը երեխաներին օգնելու մի պարզ միջոց էր մշակել. տղամարդկանցից բաղկացած այս հիմնադրամի անդամները Նյու Յորքի փողոցներով իրենց գործերով զբոսնող կանանց կանգնեցնում էին եւ ստիպողաբար տուն ուղեկցում, քանի որ, հավատացած էին, որ լինելով մաքուր ու զգայուն էակ, կինը ստեղծված չէ արտաքին աշխարհի համար, ուստի, պետք է տանը նստի: Ինչպես ասում են, նման բարեկամները թշնամուց վատ են: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Բարեբախտաբար, այսօրվա կանայք 19-րդ դարի կանայք չեն այլ՝ իրենց իրավունքները գիտակցող եւ շատ հաճախ՝ տղամարդկանցից ավելի լավ կրթված քաղաքացիներ: Բայց արի ու տես՝ երբ հարցը հասնում է քաղաքականության մեջ կանանց մասնակցությանը, նրանց ճանապարհը փակում են ավանդույթները: Քաղաքականության մեջ մուտք գործելիս՝ կինը հայտնվում է անհաջող մի երկընտրանքի առջեւ, պատմում է Ջորջթաունի համալսարանի դասախոս Միշել Սվիրսը.
«Քաղաքականության մեջ կինը ստիպված է անցնել նեղ պարանի վրայով, քանի որ պետք է մի կողմից ապացուցի, որ տիրապետում է առաջնորդի առնական որակների, միեւնույն ժամանակ պահպանելով կնոջը բնորոշ հատկությունները»:
Ավանդույթի համաձայն կնոջ հիմնական պարտականությունն է ապահովել երեխայի եւ տղամարդու կարիքներն ու հետեւել սեփական տեսքին: Այդ պարտականությունները չկատարող կինը, եթե նույնիսկ նա բազմաթիվ այլ ձեռքբերումներ ունի, բացասական գնահատական է ստանում ավանդական հասարակության կողմից:
Դրանից բացի, կինը համարվում է ավելի զգացմունքային, մինչդեռ տղամարդը՝ առավել սառը դատողությունների ընդունակ: Հատկանշական է, որ ֆուտբոլային խաղերի ավարտին ուրախության կամ տխրության կոկորդիլոսի արցունքները բազմաթիվ տղամարդկանց աչքերում, որոնք կանանցից շատերի մոտ ժպիտ են առաջացնում, անհայտ պատճառներով զգացմունքայնության ապացույց չեն համարվում:
Երբ կինը գործում է հասարակության կողմից իրեն վերագրված սահմանների շրջանակներում՝ կենտրոնանում երեխաների վրա, զոհաբերում սեփական կարիերան կամ ծրագրերը հանուն ընտանիքի, լինում խոցելի, հասարակության կողմից նա աջակցություն է ստանում: Այսպես, Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ում բարձր աջակցություն էր վայելում 1998-ին, երբ ներեց Բիլլ Քլինթոնի դավաճանությունը, պահպանեց ընտանիքն ու հրապարակայնորեն կանգնեց ամուսնու կողքին: Սակայն, կա մի հակասություն:
Թեեւ հասարակության մեծ մասը «կանացի» կին քաղաքական գործիչներին դրական է վերաբերվում, նրանց վերապահվում են կրթության եւ բժշկության ոլորտները, մինչդեռ տնտեսությունը բարձրացնելու կամ ռազմաքաղաքական որոշումներ ընդունելու պարտականությունն այդ քաղաքական գործիչներին չեն վստահում. կին գործիչները հասարակության կարծիքով չափազանց մեղմ են սուր եւ անազնիվ քաղաքական խնդիրներ լուծելու համար, նշում է Մերիլենդի համալսարանի դասախոս Սոնյա Միտչելը.
«Մարդիկ այդ դեպքում հարց են տալիս՝ որքան ուժեղ է նա, արդյո՞ք բավականին ուժեղ՝ համաշխարհային ասպարեզում գործելու համար»:
Տեսությունն ավելի պարզ դարձնելու համար հարց տանք հայ հասարակությանը. Հայաստանի քաղաքացիներից քանի՞սն են այսօր պատրաստ վստահել կնոջը ղարաբաղյան կարգավորման բանակցություններ վարելու կամ օլիգարխներին շուկայական տնտեսական դաշտ վերադարձնելու խնդիրը:
Որոշ կին քաղաքական գործիչները կարող են լինել բավականին կոշտ եւ հաստատակամ, սակայն, այստեղ էլ կա վտանգ: Թեեւ հասարակության մեծ մասը պատրաստ է սառնասիրտ կին քաղաքական գործչի տեսնել գերագույն հրամանատարի պաշտոնում, նման կին գործիչների օգտին հաճախ չեն քվեարկում:
Յուտա նահանգում բնակվող Ջինի կարծիքով, քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու համար կանայք պետք է տղամարդկանցից ավելի լավ պատրաստված լինեն.
«Կինը ստիպված է տղամարդուց երկու անգամ ավելի ջանք ծախսել եւ երեք անգամ ավելի պատրաստված լինել՝ մրցակցության մեջ հաջողության հասնելու համար»:
Ուրեմն, ի՞նչ անել: Այն, ինչ արդեն իսկ անում են անթիվ փայլուն անհատներ՝ պայքարել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների համար: Պայքարել հանուն նրա, որ հասարակության կեսը՝ կանայք, հնարավորություն ունենան լիարժեք օգտագործել իրենց ներուժը: Այդ պայքարը հաղթանակի այլընտրանք չունի, քանի որ մարդկանց ֆիզիկական չափանիշներով գնահատող միջնադարի չափանիշները 21-րդ դարում տեղ չունեն, քանի որ այդ պայքարում հաղթելու են բոլորը: