«Ռոուհանիի ՀՀ կատարելիք այցի ձգձգման պատճառները թե՛ Երևանում են, թե՛ Թեհրանում». Իրանցի փորձագետ

«Հայ-իրանական գլոբալ էներգետիկ ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում Թեհրանում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով հայ-իրանական ներկայիս հարաբերություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Հայաստանից պատվիրակություն է մեկնել Թեհրան՝ իրանական գազի առքուվաճառքի պայմանագրի ստորագրման նպատակով: Ըստ վարչապետի որոշման՝ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն։ Իսկ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը: Այս այցի ֆոնին ակտիվացել են փորձագիտական հանրության քննարկումները նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի սպասվելիք այցի ձգձգման պատճառների մասին։

Կայհան Բարզեգարը նշեց, որ տարածաշրջանը լուրջ աշխարհաքաղաքական ցնցումների փուլում է, ինչը երկրներից  ավելի բարձր զգուշավորություն ու զգոնություն է պահանջում: Իրանցի փորձագետի կարծիքով՝ այցի ձգձգման պատճառները և՛ Երևանում, և՛ Թեհրանում են։ «Հայ-իրանական հարաբերությունների խորացումը ենթադրում է հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների խորացում, մեծ պրոյեկտների իրականացում, այդ թվում՝ իրանական գազի տարանցում դեպի Եվրոպա, սակայն Հայաստանի դեպքում կա Ռուսաստան, որն այդտեղ ունի մենաշնորհային դիրքեր, և կարծում եմ՝ մինչ հայ-իրանական նման օրակարգի ձևավորումը որոշակի աշխատանք պետք է պահանջվի ռուսական ուղղությամբ։

Իրանի դեպքում կա ադրբեջանական գործոն, և Իրանի նախագահը փորձում է չվատթարացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Բայց Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, դրանք պատմականորեն եղել են բարեկամական և կլինեն՝ հարմարվելով նոր իրողություններին»,- նման տեսակետ հայտնեց Բարզեգարը՝ նշելով, որ Հայաստանն ու Իրանը հարմարեցնում են «քաղաքական միջավայրը» հարաբերությունների խորացման համար։ Իրանցի փորձագետի կարծիքով՝ հայկական պատվիրակության Իրան կատարած այցից դեռ լուրջ արդյունքներ պետք չէ ակնկալել։

«Այս փուլում լավ արդյունք կարող է դիտարկվել նաև իրանական գազի մատակարարումը Հայաստան։ Առավելագույնը նման արդյունք կարող ենք ունենալ։ Տարանցիկ գլոբալ ծրագրերը բավականին ծավալուն համաձայնեցումներ կպահանջեն։ Իմ կարծիքով՝ երկու երկրները նման գլոբալ պրոյեկտների դեռ պատրաստ չեն, բայց հարաբերությունների հեռանկարում այն անպայման կիրագործվի»,- նման համոզմունք հայտնեց իրանցի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս