Կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտարարություն արեց
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտարարություն արեց: Վարչապետը նախ անդրադարձավ գազի գնի իջեցմանը:
«Կառավարությունը որևիցե սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը չի անում՝ որևիցե` ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձևով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ ըստ հայտի՝ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողի համար 257.56 դոլարին համարժեք դրամը դարձել է 242.1: Ըստ նրա՝ եթե կազմակերպությունը սպառում է ավելի շատ գազ, քան նախկինում սպառել է և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա այդ ավել գազի համար սակագինը 212 դոլար է:
Ըստ վարչապետի՝ «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որ շուկան մեծանա, բիզնեսը հնարավորություն ունենա աշխատել:
«10 հազար խորանարդ մետրից պակաս սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Սոցապ նախարարությանը և «Գազպրոմ Արմենիա»-ին հանձնարարվում է մինչև հունվարի 1-ը մաքսիմալ հասկանալ այդ սոցիալապես անապահովների ցանկը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ գումարների չորս աղբյուր կա` հունվարի 1-ին ավարտվում է Վրաստանի հետ պայմանագիրը, կան ակնակալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: «Սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Երրորդը՝ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն իր մոտ օպտիմալացում կանի: Չորրորդը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այդ ընկերությունում, վերցնում է իր վրա: Շատ պարզ, հասկանալի չորս գործոն է, թե որտեղից է աղբյուրը»: