
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ալիևին և Պուտինին ներառել է մամուլի թշնամիների ցուցակում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ներառել է կազմակերպության՝ մամուլի թշնամիների ցանկում (Predators of Press Freedom), հայտնում է BBC-ն:
35 անուններից ու անվանումներից բաղկացած ցուցակում ներառվել են քաղաքական գործիչներ, հանցավոր խմբեր, ահաբեկչական կազմակերպություններ:
Պուտինը չի լքում ցուցակը 2000 թվականից, երբ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը, Կադիրովը՝ 2005 թվականից, Իլհամ Ալիևը՝ 2003-ից: Նշվում է, որ նա իշխանությունը ժառանգել է հորից:
Պուտինին վերաբերող բաժնում ասվում է, որ նա ճնշում է գործադրում մամուլի վրա՝ օգտագործելով «ազգայնական բռնաճնշումների» մարտավարություն:
«Ներկայումս Ռուսաստանում քիչ ազատություն է մնացել ինքնարտահայտման համար, քան ԽՍՀՄ-ի անկումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում»,- պնդում են ցուցակի հեղինակները:
Նշվում է, որ մամուլի վրա ճնշում գործադրել Պուտինին օգնում է Պետդուման, օլիգարխները, որոնք «գնում են անկախ ԶԼՄ-ները», ինչպես նաև ուժային կառույցները:
Ցուցակում ներառվել են նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: