
Instagram-ն օգտատերերին թույլ կտա առցանց գնումներ կատարել հավելվածում

Instagram ծառայությունն սկսել է նոր միջոցների թեստավորումը՝ շարժական հեռախոսների՝ իր հավելվածի միջոցով առցանց գնումներ կատարելու համար: Ինչպես հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, սույն գործառույթն առայժմ մատչելի է սոսկ ԱՄՆ-ում սոցիալական ցանցի օգտատերերի համար iOS հարթակով։
«Նոր միջոցներն ավելի շատ հնարավորություններ կընձեռեն օգտատերերին անմիջապես գնումից առաջ առեւտրանիշին ծանոթանալու համար եւ կհեշտացնեն ապրանքների ձեռքբերման գործընթացը»,- նշում են ընկերությունում: Ներկայում Instagram-ի հետ համատեղ թեստավորմանը մասնակցում են 20 մանրավաճառ-առեւտրանիշեր, ինչպիսիք են Kate Spade-ը եւ JackThreads-ը:
Մասնավորապես, առցանց գնման մեխանիզմը բաղկացած կլինի մի քանի քայլերից. Instagram-ում գովազդային գրառման ստորին ձախ անկյունում կհայտնվի «tap to view» («սեղմել դիտման համար») հատուկ պատկերիկը, ինչից հետո օգտատերերը կկարողանան մանրամասն տեղեկատվություն տեսնել ապրանքի եւ դրա գնի վերաբերյալ: Գնումը կկատարվի «shop now» («գնել այժմ») պատկերիկը սեղմելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: