Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ­-ն հայեցակարգ է ներկայացնելու հայաստանյան տնտեսական դիվանագիտության վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի տնտեսական դիվանագիտության վերաբերյալ հայեցակարգ է ներկայացնելու: Այս մասին ԱԳՆ-­ում կազմակերպված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը:

«Հայեցակարգը ներկայացնելու է այն, թե ինչ ենք մենք հասկանում՝ ասելով տնտեսական դիվանագիտություն, ինչպես այն պետք է աշխատի: Ոլորտում իրականացրած հաջող օրինակներից է վերջերս Իրանում կազմակերպված հայկական ապրանքների ցուցահանդեսը. պետք է ասեմ, որ արդյունքները բավականին հետաքրքիր են: Այն, որ մեզ տրամադրվեց ավելի քան 1000 քմ տարածք, եւ որ մասնակցում էին շուրջ հարյուր հայկական ընկերություններ, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք եւ պետք է զարգացնենք դա: Համագործակցության հետաքրքիր օրինակ էր նաեւ Նյու Յորքի համաժողովը, որտեղ նույնպես մեր հայկական կառույցները իրենց դերակատարումն ունեցան»,­- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կարեւոր է Հայաստանն այլ երկրներին ներկայացնել որպես ներդրումներ կատարելու հարթակ: «Ամենակարեւորը, որ Հայաստանը հայտնվի այն երկրների հիմնական ցուցակում, որոնք կցանկանան ներդրում կատարել, եւ այս ուղղությամբ հսկայական աշխատանք պետք է տարվի: Կարեւոր է ներկայացնել, թե ինչպես ենք մնք դիտում Հայաստանը որպես ներդրման դաշտ: Նյու Յորքի համաժողովի ընթացքում մենք պարզապես չներկայացրինք Հայաստանը, այլ ցույց տվեցինք, թե տարբեր ոլորտներում ինչ ներդրումներ կարելի է կատարել: Սա չպետք է լինի մեկանգամյա աշխատանք, մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է ամեն օր աշխատեն այս ուղղությամբ:

Եվ անհրաժեշտ է նաեւ լսել ներդրողներին, հասկանալ, թե ինչ խնդիրներ են նրանք տեսնում, ինչ են նրանք ցանկանում»,­- ընդգծեց Ռոբերտ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս