Գերմանիան հավելյալ 2.6 մլրդ կտրամադրի փախստականների կարիքները հոգալու համար
Գերմանիայի կառավարությունը դաշնային հողերին հավելյալ 2.6 մլրդ եվրո կհատկացնի փախստականների կարիքները հոգալու նպատակով, հայտնում է Deutche Welle-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ֆինանսների նախարարությանը։
Նշվում է, որ միջոցները հատկացվելու են հատուկ պահուստներից, որոնք նախատեսված են 2016թ. բյուջեով։
2015թ. սեպտեմբերից Բեռլինը դաշնային հողերին միջոցներ է հատկացնում 1 փախստականի հաշվով 670 եվրոյի չափով։
2016թ. այդ նպատակներով ենթադրվում էր հատկացնել 6.9 մլրդ եվրո, հաշվի առնելով ավելացումները, այդ գումարն ավելացել է՝ հասնելով 9.5 մլրդ եվրոյի։
Գերմանիայի կառավարությունը որոշել է հատկացնել հավելյալ 1.16 մլրդ 2017 թվականին՝ աջակցելու համար դաշնային հողերին։