Բաժիններ՝

Ուկրաինան հայ ուղևորի պատճառով կփոխհատուցի բելառուսական ինքնաթիռի կրած վնասը

Ուկրաինան համաձայնել է փոխհատուցել վնասը, որը կրել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը Կիև վերադարձի պատճառով, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Մենք աշխատում ենք ուկրաինացի գործընկերների հետ՝ ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Մոտ ժամանակներս այդ հարցը կփակվի»,- հայտարարել է բելառուսական ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան համաձայնել է վճարել փոխհատուցումը։
«Մենք սկսել ենք հաշվել գումարը, ներկայում ընթանում են բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դա մեծ գումար չէ»,- հայտնել է Գուսարովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ուկրաինական իշխանությունները Կիև էին վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել։

«Բելավիայում» պարզաբանել էին, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։
«Նաև հայտարարվել էր, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։

Օդաչուն կատարել է կարգադրությունը»,- նշել են «Բելավիայում»։
Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս էին բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Մարտիրոսյանին։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել էր Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։

Ավելի ուշ Մարտիրոսյանը հայտնել էր, որ դատի կտա Ուկրաինայի իշխանություններին իր նկատմամբ անօրինական գործողությունների համար։ Այդ մասին լրագրողը գրել է Facebook-ի իր էջում։ Իսկ մեկ այլ գրառման մեջ նա պարզաբանել է, որ ինքը «հակամայդան»-ի ակտիվիստ չի եղել, սակայն դատապարտել է և դատապարտում է, իր խոսքով, «մայդան» կոչվող հեղաշրջումը։

Բացի այդ, Մարտիրոսյանը նշել է, որ Կիևում եղել է անձնական հարցերով, և այդտեղ գտնվելու ժամանակ անօրինական ոչինչ չի արել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս