«Թուրքական լոլիկը բերվում է, վրան գրվում` Made in Armenia, և արտահանվում է. Սա քրեական հանցագործություն է». Արամ Մանուկյան
«Այս պահին ինձ ուրախացնում է, որ գազի գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: Տեղյակ չեմ, թե ինչի հաշվին է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի 17%-ով իջեցումը որտեղի՞ց է` սուբսիդիա՞ է:
Ա. Մանուկյանը նաև հարցրեց, թե Արագածոտնի գյուղերում ամռանը կարկուտի հետևանքով բերքի գրեթե ամբողջությամբ ոչնչացումից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր դիմել Կենտրոնական բանկ, որ սառեցվեն այդ շրջանի գյուղացիների վարկերը, ի՞նչ է արվել: Սակայն նախարարը տեղյակ չէր, խոստացավ ճշտել:
«Գյուղացին մենակ է մնացել բնական աղետների հետ»,- նկատեց նախարարը:
Ա.Մանուկյանի մյուս հարցին, թե նախարարը տեղյա՞կ է արդյոք լոլիկի էպոպեային, որ 2015 թվականին անգամ 1000 տոննա արտահանում չի եղել Հայաստանից, իսկ այս տարի պաշտոնական տվյալներով 40 անգամ ավելի է արտահանումը. «Տասնյակ հազարով տոննաներ լոլիկ է արտահանվել: Սա պետական մակարդակի խաբեություն է, իրականությունը խեղաթյուրող»,- ասաց նա:
Ի.Առաքելյանը նշեց, թե լոլիկի արտահանման հետ կապված դետալներին նույնպես տեղյակ չէ. «Գիտեմ, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, եկել-ուսումնասիրել է, պարզել են` կարո՞ղ է արտահանումն ավելանալ»:
Ա.Մանուկյանը հայտարարեց, որ թուրքական լոլիկը բերվում է, վրան գրվում` Made in Armenia, և արտահանվում. «Սա քրեական հանցագործություն է»: