«Ունենք ոչնչացված ներքին և ջախջախված արտաքին ձկնամթերքի շուկաներ». Արթուր Աթոյան

«Նախկին կառավարությունից ստացել ենք շատ վատ ժառանգություն, ընդհանրապես չի եղել համագործակցություն, չի եղել պաշտոնական գրություններին անդրադարձ, աշխատանք չի տարվել և նույնիսկ ներկայացվել է, որ աշխատանք չի տարվում, մեր ներկայացրած պահանջներն անուշադրության են մատնված, ու նույնիսկ այդ հարցին անդրադարձ չի եղել: Զարմանալի է՝ ինչո՞վ է զբաղվել նախկին կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը՝ ընդգծելով, որ մեծ հույսեր է կապում նոր կառավարության, նոր վարչապետի հետ:

Նա նշեց, որ գրություն են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, ինչին անմիջապես պատասխան է տրվել: «Մենք խնդրել ենք, որ որպես տնտեսական ոլորտի առողջացման ծրագիր, որպես ջրային ռեսուրսների խնայողությանն ընդառաջ օգնություն հանդիսացող քայլ՝ այն ձնկաբուծարաններին, որոնք ջրային ռեսուրսների խնայողության համար օգտագործում են էլեկտրաէներգիա, տրվի էլեկտրաէներգիայի վարձավճարի առումով արտոնություն: Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ ջրային ռեսուրսներ խնայող տնտեսություններն ավելի թանկ են վճարում, քան չխնայողները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վարչապետը խոստացել է համապատասխան միջոցառումներ կատարել, որ տվյալ հարցն ուսումնասիրվի ու դրվի հանրային քննարկման:

Ա. Աթոյանն ասաց, որ կառավարության ծրագիրը «հիանալի» է համարում:

168.am-ի հարցին՝ կոնկրետ ո՞ր կետերն են իրեն հիացմունք պատճառել ու վերաբերում ձկնարտադրության ոլորտին, նա այսպես պատասխանեց. «Նախաբանում նշված ՝ գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը»:

Մեր դիտարկմանը, թե այդ ամենը Սահմանադրությամբ էլ է ամրագրված, բայց չի կիրառվում, նա այսպես արձագանքեց. «Այո, ամբողջ ցավը դա է, որ Սահմանադրության մեջ ընդգրկված դրույթները կյանքում չեն իրագործվել: Այժմ, այսպիսի դրույթներ ունեցող կառավարությունը, անհնար է, որ չիրագործի»:

Իսկ այն նկատառմանը, թե նախորդ ծրագրերում էլ նույն դրույթները կային, նա պատասխանեց. «Մյուս կառավարությունների ծրագրերում եղած դրույթները չեն կիրառվել, որովհետև ներկայիս կառավարությունը, ներկայիս վարչապետը նոյեմբերի 10-ից նախատեսում է քաղաքացիների հետ անձնական ընդունելություն: Սա մի երևույթ է, որ մեր կառավարության պատմության մեջ չենք ունեցել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետն անձամբ է քաղաքացիներին ընդունելու ու լսելու նրանց հարցերը, խնդիրները»:

Խնդրեցինք, այնուամենայնիվ, խոսել կառավարության ծրագրի՝ ձկնարտադրության ոլորտին առնչվող կետերից: «Մեզ վերաբերող կետերից ամենահիասքանչն այն է, որ բոլոր տնտեսվարողների համար իրականացվելու են մրցակցային և աշխատանքային հավասար տնտեսական պայմաններ, որի երաշխիքը հանդիսանալու է թափանցիկությունը և ուղիղ կապը հասարակության հետ»,- նշեց նա:

Անդրադառնալով ձկնարտադրության ոլորտի խնդիրներին՝  նա ասաց, որ ունենք ոչնչացված ներքին ձկնամթերքի շուկա և ջախջախված արտաքին ձկնամթերքի շուկա. «Տվյալ արտահանմանը կան կոնկրետ մասնակիցներ: Մեր Գյուղնախարարության նախկին աշխատակազմը կուրծք էր ծեծում, որ նախկինում եղել է արտահանման իրավունք ունեցող 30 ձկնաբուծական տնտեսություն, իսկ այժմ դարձել է 70: Սակայն  նախկին 30-ից արտահանմանը մասնակցել է 18-ը, իսկ իսկ հիմա՝ 70-ից՝ 3-ը: Սա ի՞նչ է նշանակում՝ մեր արտահանման ծավալները մեծացե՞լ են, թե՞ նվազել: Նաև հայտարարվել էր, որ 10%-ով աճ ենք ունեցել գյուղմթերքի ոլորտում, ես էլ ասում եմ՝ լավ, չունեմ հնարավորություն ստուգելու՝ այդ տվյալները ճի՞շտ են, թե՞ սուտ, բայց մի տրամաբանական հարցադրում եմ կատարում՝ ինչպե՞ս պատահեց, որ այդ 10 տոկոս աճի դեպքում բնակչության գնողունակությունը նվազեց: Ավելի լավ չի՞ լինի, որ ասեք՝ աճ չունենք, բայց ազգաբնակչության գնողունակությունը բարձր է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս