Գյումրիում թուրքական հաղորդումներ են դիտում
«Ասպարեզ» օրաթերթը Գյումրու տարբեր թաղամասերի սոցիալապես անապահով բնակիչներից դժգոհություն է ստանում, որ հոկտեմբերի 26-ից չեն կարողանում հեռուստացույց դիտել: Պատճառը անալոգայինի հեռարձակման դադարեցումն ու թվայինի մեկնարկն է: Անապահով ընտանիքները չեն կարող գնել թվային ընդունիչ սարքեր:
-Երկու ալիք է մնացել, դա կնայեմ: Հնարավորություն չունիմ, որ փող տամ, էդ սարքից առնիմ, սարքը 10 հազար դրամ է: 10 հազար դրամ ունենամ` կուդամ փետ կառնիմ, տիա փեչքը առանց վառել է մնացել (ցույց է տալիս չվառվող վառարանը,-հեղ): Մե տելեվիզրմ կար, կնայենք` դարդ ու ցավերս կմոռանայինք, էդ էլ վրեքս կտրեցին: Կուզենք սաղ ալիքները նայենք, բայց որ չկա, ի՞նչ էնենք,-ասում է ավտոկայան տնակային թաղամասի 104/ 680 տնակի բնակիչ Անահիտ Մկրտչյանը:
Տնակային 104-րդ տարածքում հայկական հեռուստաալիքներ դիտելու հնարավորությունից շատերն են զրկվել:
-Տելեվիզրը կար, նայում էինք: Հմի պարապ ենք մնացել, ես ու մարդս պարապությունից կռվում ենք,-ժպտալով ասում է 104-րդ տնակային ավանի մեկ այլ տարեց բնակիչ եւ շարունակում,-15 հազար դրամ ունենամ` հաց, մակարոն ու պիսոկ կառնիմ: Հնարավորություն չունիմ, չեմ առնի, թող անջատեն: Ամեն ինչից խեղճ ու կրակ ժողովրդին կկտրեն,-ասում է ու պատմում, որ միակ եկամուտը իր եւ ամուսնու կենսաթոշակն է, որով էլ հնարավոր չէ թվային ընդունիչ գնել:
Մինչ ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին կդադարեցվեր անալոգային հետուստատեսության հեռարձակումը, միայն նպաստառու ընտանիքներին DVB-T2 թվային ընդունիչ սարքեր բաժանվեցին: Ընտանեկան նպաստի համակարգ չընդգրկված, բայց սոցիալապես անապահով շատ ընտանիքներ այդպես էլ չկարողացան ընդունիչ սարքերն անվճար ձեռք բերել:
Գյումրիում անալոգային հեռարձակման տիրույթում հնարավոր է որսալ միայն երկու հայկական` ԳԱԼԱ, «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունները եւ մի քանի թուրքական ալիք: Գյումրու բնակիչները դժգոհում են, որ թուրքական հեռուստաալիքներն ավելի մատչելի է դիտել, քան ազգային հեռուստահաղորդումները:
-ԳԱԼԱ-ի նորությունները կնայենք, «Շիրակ» կնայենք ու Թուրքիա, էլ բան չունինք, լավ է, էլի, յոլա կերթանք, ի՞նչ էնենք` հմի էս է: Եթե մեր պետությունը կուզե, որ մենք թուրքական ալիք նայենք, կնայենք: Մեր ալիքները անջատեցին վրեքս, թողել են դուշմնի կանալների հույսին, լեզուներն էլ չենք հասկնա: Հայ ենք, հայկական ալիք չնայե՞նք: Շատ վատ վիճակ է,-ասում է Լալայան փողոցի 3-րդ տան բնակիչ Գագիկ Վարդանյանը եւ սրտնեղած ավելացնում` բանակում զինվոր ունեն, սահմանից նորություն չեն կարողանում իմանալ:
-Ախպորս տղեն Ղարաբաղ կծառայե` թուրքի բերան: Առաջ կնայեինք, թե սահմանին ինչ կեղներ, տղեքը ինչղ են: Հմի առանց խաբար մնացել ենք, լուր, տեղեկություն չունինք: Ու՞մ բողոքենք, էս երկրի տերը ո՞վ է, որ բողոքենք: Զինվորս Ղարաբաղ է, լուր չունինք, բայց թուրքերից` ունինք,- զայրացած ասում է Գագիկ Վարդանյանը:
Նարեկ Կիրակոսյան