«Այդ վիճակը ձեռնտու է 8-10 հոգու, իսկ մնացած 1.5 միլիոնը տառապում են». Արմեն Պողոսյան
«Ձմեռ ծրագրի առաջին կետը կատարված է՝ ձմեռը եկավ: Երեկվա ընթացքում մենք տեսանք մի մղձավանջ. ծառերի կոտրվել, տրանսպորտային խցանումներ, վթարներ: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր քաղաքում չկա տեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ անկառավարելի վիճակ է տրանսպորտի ոլորտում: «Ով ինչ ուզում՝ անում է: ՀՀ նախագահը հայտարարեց՝ մեր ծառայությունը ստուգել է այսինչ երթուղու վիճակը և պարզել, որ 49 մեքենայի վրա ձևակերպված է երեք վարորդ: Այսինքն՝ երեք հոգի միաժամանակ վարում են 49 մեքենա: Սա շատ տիպական բան է. չի վերահսկվում: Ես դիմել եմ Պետեկամուտների ծառայությանը՝ խնդրելով տալ տրանսպորտի մասհանումները, և ՀՀ գերբի տակ պատասխանել են՝ կոմերցիոն գաղտնիք է, չենք կարող հրապարակել: Այսիքն՝ գրված է բացարձակ տգիտություն: Ես չեմ հարցրել՝ «Ծաղիկ» ՍՊԸ-ի հարկային մասհանումները որքան են, ես հարցրել եմ՝ որքան են մասհանումները: Չեն տիրապետում ու չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ քաղաքային տրանսպորտը և նրա տխրահռչակ տեսակը՝ միկրոավտոբուսը, ստվերային տնտեսության ամենացայտուն տեսակն է: Ոչ մի ասպարեզում դուք չեք կարող կոմերցիոն գործունեություն ծավալել, այդքան կարճ ժամանակում հատուցել ձեր ծախսերը և անվերահսկելիորեն այդ հասույթի կեսը դնել գրպանն ու գնալ տուն»,- ասաց նա՝ նշելով, որ բոլորս գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ:
«Այդ վիճակը ձեռնտու է 8-10 հոգու, իսկ մնացած 1.5 միլիոնը տառապում են»,- պարզաբանեց նա:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահի խոսքով՝ կա մի լուծում. «Քաղաքակիրթ երկրներում ստեղծվում է բաց բաժնետիրական ընկերություն, այսինքն՝ տրանսպորտի ամբողջ ունեցվածքը, շրջանառվող միջոցները լինում են մեկ կազմակերպության մեջ: Այդ ձեռնարկության գումարների մի մասի տերը քաղաքապետարանն է, մյուս մասինը՝ այն մարդիկ, որոնք հիմա սեփականատերն են այդ երթուղիների: Նպատակն ու արդյունքն այն է, որ ոչ թե այսինչ Գուգուշը 49 մեքենա ունի, այլ նա ունի կես տոկոս կամ 25 տոկոս այդ տրանսպորտի հասույթի, դիվիդենտների մեջ: Բոլորիս շահն այն է, որ այդ ձեռնարկությունն աշխատի արդյունավետ: Արդյունավետության դիվիդենտների մի մասն ինքը կստանա, մյուս մասը՝ քաղաքապետարանը, և մենք էլ կունենանք քաղաքակիրթ տրանսպորտ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: