«Գազի սակագնի նվազեցումը նոր ձևավորված կառավարության առաջին լուրջ ձեռքբերումն է»
ՀՀ կառավարության ներկայացրած 2017թ-ի պետական բյուջեի նախագծում պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացում է նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` ռազմական տեխնիկայի անհրաժեշտ քանակ ապահովելուն ուղղված վեց պայմանագրեր արդեն սկսել են գործել: «Մինչ 2017 թվականի կեսերը բանակում համալրումներ են սպասվում»,- ասաց նա:
Անդրադառնալով արտաքին պարտքին` պատգամավորը նշեց, որ այն մոտենում է օրենքով նախատեսված սահմանագծին: «Այդ իսկ պատճառով, մենք պետք է մեր հանրային կյանքի կառավարումն այնպես իրականացնենք, որ նոր պարտքեր կուտակելուց խուսափենք: Պետք է նախադրյալներ ստեղծել հանրային կյանքում ավելի արտադրողական պրոցեսներ ստեղծելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ պետբյուջեի մոտ 50 տոկոսն ուղղված է սոցիալական ծրագրերին:
Գազի սակագնի նվազեցման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության հայտը ՀՀԿ պատգամավորը համարեց տնօրինվող եկամուտների ծավալների ավելացման հնարավորություն: «Սա կնպաստի եւ սոցիալական խնդրի լուծմանը, եւ տնտեսության աշխուժացմանը: Գազի սակագնի նվազեցումը, կարծում եմ, նոր ձեւավորված կառավարության առաջին լուրջ ձեռքբերումն է»,- ասաց Հարությունյանը: