Բաժիններ՝

Կա՛մ դադարեցնել վճարովի հեռարձակումը, կա՛մ դրա պայմանները համաձայնեցնել ընկերության հետ. «Պանարմենիան Մեդիա Գրուպի» պատասխանը՝ «Ռոստելեկոմին»

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարություն է տարածել` անդրադառնալով «Ռոստելեկոմ» ընկերության հայտարարությանը, թե «Պանարմենիան Մեդիա Գրուպը» միակողմանիորեն դադարեցրել է «Ռոստելեկոմ» ցանցի միջոցով «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ կողմից «Արմենիա», «Աթիվի» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների վերահեռարձակման պայմանագիրը։

««Պանարմենիան Մեդիա Գրուպը» բանակցային լայն գործընթաց է սկսել կաբելային հեռարձակում ապահովող օպերատորների հետ «Արմենիա», «Աթիվի» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների հեռուստատեսային արտադրանք թողարկող ստեղծագործական խմբերի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Տարիներ շարունակ կաբելային օպերատորներն անվճար վերցրել են մեր հեռուստաընկերությունների արտադրանքը և վաճառել այն։ Մենք այդ երևույթին միշտ ըմբռնումով ենք մոտեցել, որովհետև կարևորել ենք մեր սոցիալական պատասխանատվությունը հեռուստատեսային արտադրանքը հնարավորինս լայն հանրությանը մատչելի դարձնելու հարցում։

Այսօր արդեն փաստ է, որ հեռուստատեսային հեռարձակման թվայնացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ամենաբարձր որակով անվճար դիտելու մեր ծրագրերը, և դա մեզ ոգևորում է։ Հետևաբար` այսօր մենք արդեն հորդորում ենք կաբելային ծառայություն մատուցող մեր գործընկերներին կա՛մ դադարեցնել վճարովի հեռարձակումը, կա՛մ դրա պայմանները համաձայնեցնել մեզ հետ։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին խնդրի կարևորությունն ընդունելու համար և հույս ենք հայտնում, որ դրա լուծմանն ուղղված բանակցային գործընթացները երկար չեն տևի»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս