Արտեմ Ասատրյանը՝ երիտասարդ ամուսնական զույգերի՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու մասին
«Քննարկումը, որն աշխատանքային էր, լրագրողների շնորհիվ ամպագոռգոռ ստացվեց»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե մեկ տարի առաջ ամպագոռգոռ ներկայացվեց կառավարություն այն ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս երիտասարդ ամուսնական զույգերին՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերել, և այդ ծրագրի մեկնարկից անցել է տևական ժամանակ և քար լռություն է:
Ա. Ասատրյանի խոսքով՝ եթե լրագրողները մասնակցություն չունենային այդ ծրագրին, դա կլիներ հերթական աշխատանքային քննարկում. «Պետք է ընդունեք, որ դա նախագծի քննարկում է եղել, լսումներ են եղել, և այդ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: Սոցիալ-ժողովրդագրական խնդիրների ուղղությամբ կառավարությունը նախաձեռնում էր 2017 թվականից համապատասխան ծրագրերի իրականացում: Ամեն ինչ՝ իր ժամանակին»:
Նրա խոսքով՝ բոլոր այն ծրագրերին, որոնք գտնվում են քննարկումների փուլում, որակավորում տալը ճիշտ չէ. «Ի վերջո, ծրագրերը, նախաձեռնությունները քննարկվում են և հաստատվում, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ, նորմ՝ պարտադիր կատարման ենթակա: Քննարկումները շարունակվում են պետական մարմինների շրջանակներում, և նախատեսվում է նաև այդ քննարկումներին մասնակից դարձնել ոչ պետական հատվածի գործընկերներին»: Հարցին էլ թե, վարչապետն իր տեսակետն արտահայտե՞լ է այդ ծրագրի վերաբերյալ, նախարարն այսպես պատասխանեց. «Այո, ներկայացվել է, և նաև վարչապետի հանձնարարականով այս քննարկումներն իրականացվում են, այդ թվում՝ ոչ պետական հատվածի ներկայացուցիչների հետ»:
Հարցին էլ, թե տարվա կեսից հնարավո՞ր է բյուջեից գումարներ հատկացնել ծրագրի իրականացման համար, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: