
Վերջին տասնամյակում սպանվել է ավելի քան 700 լրագրող. ՄԱԿ

Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ հանցագործությունների և անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ առիթով հրապարակված ուղերձում կոչ է արել հարգել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հիշատակը, որոնք սպանվել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։
«Ավելի քան 700 լրագրող է զոհվել վերջին տասնամյակում։ Այլ կերպ ասած՝ ամեն 5-րդ օրը մեկ լրագրող է կյանքից զրկվել միայն այն բանի համար, որ հասարակությանը տեղեկացրել է վերջին նորությունները և տեղեկատվությունը»,- հայտարարել է Պան Գի Մունը։
Նա նշել է, որ բազմաթիվ լրագրողներ մահանում են հակամարտությունների ժամանակ, որոնք անվախորեն լուսաբանում են։ Միաժամանակ, շատերին ստիպում են լռել բռնության օգնությամբ՝ խաղաղ պայմաններում։
«Բացահայտվում է նման հանցագործությունների ընդամենը 7 տոկոսը»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ անպատժելիությունը խորացնում է վախը լրագրողների շրջանում և թույլատրում կառավարություններին առանց խոչընդոտների կիրառել գրաքննություն։