
«Թուրքիան աշխատում է Իրաքի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ». Չավուշօղլու

Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը Իրաքի հետ, որը ծագել էր՝ կապված թուրք զինվորական խորհրդատուների՝ իրաքյան «Բաշիկա» բազայում գտնվելու հետ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
««Բաշիկայի» շուրջ» իրավիճակն ստեղծել է ավելորդ լարվածություն: Այդ լարվածությունը չպետք է լինի, բայց մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքերը, որպեսզի կարգավորենք հարաբերությունները»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ խորհրդականն անցած շաբաթ այցելել է Իրաք, մոտ օրերս սպասվում է իրաքյան պատվիրակության այցը Անկարա: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ողջունում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր կատարել Անկարայի և Բաղդադի հարաբերությունների կարգավորման հարցում:
«Թուրքիան ողջունում է այդ հարցում բոլոր միջնորդական ջանքերը: Իրաքը Թուրքիայի համար եղբայրական երկիր է: Բաղդադում բոլորից ավելի լավ գիտեն, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Իրաքի տարածքային ամբողջականությանը»,- հավելել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: