Թուրքիայի քրդաբնակ հատվածների կրթական համակարգը՝ խաչաձեւ կրակի ներքո
Քրդական աշխատավորական կուսակցության հետ որեւէ առնչություն ունենալու կասկածներով Թուրքիայում սկսված բռնամիջոցների առաջին թիրախ են դառնում կրթական համակարգում աշխատող անձինք։ Այստեղ հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 12 հազար մանկավարժ։ Հիմնական հարվածն ուղղված է ընդդեմ քրդաբնակ Դիարբեքիրի։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքիայի հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում աշխատանքից ազատվել կամ ձերբակալվել է ավելի քան 17 հազար ուսուցիչ։ Ուսուցիչներին այստեղ մեղադրում են հուլիս ամսվա հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու եւ ահաբեկիչների սատարելու մեջ։ Պատճառն այն է, որ անցյալ տարի խաղաղության կոչերով նրանք մասնակցել են գործադուլի։ Ինչպես Կրթության ու գիտության աշխատողների արհմիությունն է հայտարարում, այս ձերբակալությունների հիմքում ավելի մեծ օրակարգ է դրված։
Արհմիության նախագահ Սալիհա Զորլուի խոսքերով, այս արհմիության նպատակը կրթության ու գիտության բնագավառում աշխարհիկության սկզբունքը երաշխավորելն է։
«Սակայն ներկայումս կրթության համակարգը հեռու է մղվում աշխարհիկությունից ու վերածվում կրոնական համակարգի։ Դրա օրինակներից մեկն այն է, որ պետական հանրակացարանների ղեկավարների պաշտոններում են նշանակվում իմամները»։
Կառավարությանն աջակից կրոնական խմբավորումները վերջերս սկսել են այս տարածաշրջանը իսլամական արմատների վերադարձնելու գործունեություն, ի հակադրություն Քրդական աշխատավորական կուսակցության, որն աշխարհիկ սկզբունքների, մարքսիստական արմատներով կազմակերպություն է։
Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության Դիարբերքիրի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Աքարն ասում է. «Այն ուսուցիչները, որոնք քարոզարշավ են իրականացրել հօգուտ ահաբեկչական կազմակերպության, աշակերտներին խրախուսել են միանալ այդ կազմակերպությանը, եկող օրերի ընթացքում կկանգնեն արդարադատության առջեւ»։
Քրդաբնակ հատվածներում մեծաթիվ ծնողներ են բողոքում, որ երեխաները մնում են առանց ուսուցիչների, իսկ շարունակվող ձերբակալությունները ու աշխատանքից հեռացման գործընթացն ավելի է սրում լարվածությունն այստեղ։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենի խոսքերով, քուրդ ուսուցիչները մի տեսակ աճառի դեր էին ստանձնել երկու ոսկրերի միջեւ։
«Չնայած Թուրքիայի դպրոցներում արգելված է քրդերեն լեզվով ուսուցումը, քուրդ ուսուցիչները կարողանում էին լուծել ոչ թրքախոս աշակերտների խնդիրները։ Այժմ այդ աճառը հեռացնելով՝ նախագահ Էրդողանը իրար է քսում ոսկրերը, ինչը անցավ չի լինում»։
Եվ Թուրքիայի քրդաբնակ հատվածները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են մարտի դաշտ, այսօր կարող են վերածվել մի նոր ճակատի, որտեղ երեխաներն ու ուսուցիչները կհայտնվեն խաչաձեւ կրակի ներքո։