
Նոր չարաշահումներ ՃՈ-ում. հերթը հասել է ոստիկանապետերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել: «Ժողովուրդ»-ը դեռևս հուլիսի 2-ին գրել էր, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն: Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են:
Ավելին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ այս գործարքների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է 20 մլն 500 հազար դրամ գույքային վնաս: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ճանապարհային մի շարք ոստիկանապետեր: Թե ինչպես են նրանք բացատրել իրենց անփութությունն ու անհետևողական գործելաոճը, դեռևս հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։