Բաժիններ՝

«Այդպիսի առաջին շենքեր շատ են եղել քաղաքում». Կամո Արեյանը՝ Տպարանի շենքի պայթեցման մասին

«Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, ո՛չ պայթեցման, պայթեցման եղանակով ձևակերպում չի եղել այդ թույլտվության մեջ»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ խոսելով Տպարանի շենքի պայթեցման մասին:

Հարցին, թե դուք տեղյակ չե՞ք եղել դրա մասին՝ Կ. Արեյանը պատասխանեց, որ միանշանակ՝ ոչ. «Ամբողջ պատասխանատվությունն իր վրա ստանձնեց կառուցապատողը և հայտարարեց, որ ինքն է դիմել համապատասխան լիցենզավորված կազմակերպության, իրավասու մարմիններին՝ կազմակերպել պայթեցման եղանակով քանդում: Պայթեցման եղանակով քանդման դիմում չի եղել քաղաքապետարան: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե Երևանը պոլիգոն չէ, դիտողությունը վերաբերում էր, որ հարցը պետք է կանոնակարգվի»:

Հարցին, թե Տպարանի շենքի հարցում դուք է՞լ եք կարծում, որ դա սարայ կամ անպետք շենք է, Կ. Արեյանն այսպես պատասխանեց. «Ես նման բառ չասացի, դուք ասացիք: Ինձ համար հիմք էր մշակույթի նախարարի հայտարարությունը, որ շենքն ընդգրկված չի եղել պատմամշակութային  հուշարձան հանդիսացող շենքերի ցանկում, և ըստ այդմ էլ նրա վերաբերյալ որոշակի սահմանափակումներ չեն եղել»: Լրագրողի ճշտող հարցին, թե՝ այն հանգամանքը, որ այն առաջին տպարանի շենքն էր, իրենից պատմամշակութային արժեք չի՞ ներկայացնում՝ Կ. Արեյանն այսպես արձագանքեց. «Պաշտոնական հայտարարությունն արեց մշակույթի նախարարը, այդպիսի առաջին շենքեր շատ են եղել քաղաքում, որոնք իրենց ֆիզիկական վիճակով արդեն սպառել են ժամանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս