![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/92210610_zurichairportgetty.jpg)
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից։ Ավելի վաղ այնտեղ ապաստան էր ստացել նրա ընտանիքը, հայտնում է BBC-ն։
Այն մասին, որ Միրկադիրովը քաղաքական ապաստանի հայտ է ներկայացրել, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևին։
Հիշեցնենք, որ «Զերկալո» ռուսալեզու թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել էր Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում, սակայն ավելի ուշ քաղաքական ապաստան էր ստացել Շվեյցարիայում։
Միրկադիրովը մեղադրվում էր Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: Միրկադիրովը կտրականապես հերքում էր իրեն ուղղված մեղադրանքները: 2015թ. դեկտեմբերին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման:
Մարտին նրա ազատազրկումը փոխվեց հնգամյա փորձաշրջանով պայմանական ազատազրկմամբ։ Միրկադիրովին 2016թ. թույլատրել էին դուրս գալ Ադրբեջանից՝ ընտանիքին այցելելու համար։ Նա հայտնել է Turan-ին, որ ապաստանի հարց է ներկայացրել Շվեյցարիայում, քանի որ ցանկանում է լինել իր ընտանիքի հետ, բացի այդ, իր ազատությունն ու առողջությունն Ադրբեջանում վտանգված են։