«Ինքն այս պահին աշխատասենյակում նստած՝ աշխատում է». Գեղարքունիքի մարզպետը՝ Վարդենիսի քաղաքապետին ծեծի ենթարկելու դեպքի մասին
«Անտեղյակ եմ, նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարցին, թե Ձեր մարզում քաղաքապետ են ծեծում՝ մարզպետը տեղյակ չէ՞, Ռ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Նման տեղեկատվություն չի ներկայացվել իրավապահ մարմինների, ես այսօր ծանոթացել եմ կայքերից: Զանգահարել եմ նրան, ինքը հերքել է, ասել է՝ նման բան տեղի չի ունեցել: Ինքն այս պահին աշխատասենյակում նստած աշխատում է»:
Հարցին, թե շատ է խոսվում մարզում կարտոֆիլի մթերման գործընթացից, որ գյուղացիների կարտոֆիլը վերցնում են ջրի գնով, որպես մարզպետ՝ ինչքանո՞վ եք այդ խնդրին ծանոթ՝ մարզպետն այսպես պատասխանեց. «Ես ոչ թե ծանոթ եմ, ես ամբողջությամբ տիրապետում եմ, նման խնդիր չկա, խոսքը վերաբերում է 20 տոկոսին, որոնք միջնորդների միջոցով հանձնում են բանակին, և նախարարի հետ միասին հանդիպեցինք, ես խնդիր դրեցի, և հաջորդ օրն արդեն կարգավորվեց, ու այս պահի դրությամբ նրանք, ովքեր բողոքում էին, նրանք ԼՂՀ ազատ իրենց կարտոֆիլը տանում և վաճառում են իրենց ցանկացած գնով»: