
«Գյուլենի արտահանձնման հարցի քննարկումն արագացել է». Նուման Քուրթուլմուշ

Պետք չէ ակնկալել, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն վաղը որոշում կկայացնեն Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում՝ նախարարների կաբինետի նիստից հետո, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Սակայն ուզում եմ ասել, որ այդ գործընթացն արագացել է, ինչին նպաստել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այցը ԱՄՆ»,- հայտարարել է Քուրթուլմուշը։
Նա հույս է հայտնել, որ Գյուլենին արտահանձնելու և ժամանակավոր կալանքի հարցում կարևոր քայլ է արվել։
«Վստահ ենք, որ ԱՄՆ ղեկավարությունն ու դատական ատյանները պետք է դրա համար անհրաժեշտ ամեն ինչ անեն։ Հուսով ենք, որ ահաբեկչական կազմակերպության ղեկավարը կհանձնվի Թուրքիային ամենամոտ ժամանակներս կամ կկալանավորվի մինչ արտահանձնման հարցի քննարկումը»,- նշել է նա։