Բաժիններ՝

«Թուրքիայում բռնաճնշումների ներկայիս ալիքը լակմուսի թուղթ է Եվրոպայի համար». Ջան Դյունդար

Թուրքիայում բռնաճնշումների ներկայիս ալիքը թեսթ է Եվրոպայի և Գերմանիայի համար, կարծում է Թուրքական Cumhurriet-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ով գերմանական DW-ին տված այսօրվա հարցազրուցում ծիծաղելի է համարել իշխանությունների մեղադրանքները՝ ուղղված թերթի հասցեին։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Եվրոպան պետք է որոշեն, թե ում կողմից են՝ ժողովրդավարությա՞ն, թե՞ կեղեքման։

«Ցանկանո՞ւմ են նրանք տեսնել Թուրքիային Մերձավոր Արևելքում՝ որպես հարստահարող ռեժիմ, թե՞ որպես ժողովրդավարական, աշխարհիկ և ազատ երկիր։ Կարծում եմ՝ դա լակմուսի թուղթ կլինի թե՛ Գերմանիայի, թե՛ Եվրոպայի համար»,- ասել է Դյունդարը։
Անդրադառնալով թերթի ներկայիս ղեկավարության և լրագրողների ձերբակալության իրավական հիմնավորումներին՝ նա դրանք ծիծաղելի է որակել։

«Ավելի լավ է՝ իշխանությունները միանգամից ասեին, որ չեն ցանկանում լսել ոչ մի այլընտրանքային ձայն։ Դրա փոխարեն ավելի լավ կլիներ ասել. «Մենք փորձում ենք գրավել վերջին բաստիոնը։ Դա ճշմարտություն կլիներ»,- ասել է Ջան Դյունդարը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի դատախազության հրամանով ոստիկանները ձերբակալել են Cumhuriyet-ի 13 աշխատակիցների, որոնք մեղադրվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ։
Նրանց թվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող

Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելած թուրք հայտնի լրագրող Քադրի Գյուրսելը։
Քադրի Գյուրսելը, որը պարբերականում նաև սյունակագիր է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Հոդվածներից մեկում նա անգամ կոչ էր արել ադրբեջանցիներին մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին։

Երևան այցի ժամանակ նա ծաղիկներ էր դրել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս