«Մահապատիժը չի կարող կիրառվել հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ». Թուրքիայի վարչապետ
Մահապատիժը չի կարող կիրառվել հեղաշրջման փորձի գործի մասնակիցների նկատմամբ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր մահապատիժ սահմանող օրենքը ստորագրելու մասին, որը պետք է կիրառվեր հուլիսի 15-ի հեղաշրջման մասնակիցների նկատմամբ, եթե խորհրդարանն այն վավերացներ։
«Մահապատժի կիրառումը Սահմանադրության հարց է, կոնսենսուսի հարց։ Եթե մյուս կուսակցությունները կոնսենսուսի գան, ապա կարող է լինել պատժի այս տեսակի սահմանափակում՝ հաշվի առնելով հասարակության կարծիքը։ Այս հարցն օրակարգային էր հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո։
Մարդիկ չեն ցանկանում, որ հանցագործներն անպատիժ մնան, և մենք չենք փակի մեր աչքերը դրա վրա։ Սակայն հարկավոր է ասել, որ օրենքը հետադարձ ուժ չունի»,- հայտարարել է նա։