Բաժիններ՝

«Գրպանից՝ որտեղի՞ց». Հովհաննես Սահակյանը մատնացույց արեց ԴԱՀԿ գործողությունների համար հարկադիր գանձվող գումարի տեղը

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության արտաբյուջեն կազմում է 1 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ գումարը ծախսվում է 25 աշխատողների աշխատավարձի համար, որոնք չեն ֆինանսավորվում պետբյուջեից: Նաև, ըստ փոխնախարարի, ամսական 90 հազար կատարողական վարույթ է հարուցվում, սակայն դրանից միայն 20%-ն է ավարտվում գումարի տեսքով. «Մնացած վարույթների ծախսը ևս արտաբյուջեի վրա  է: Օրինակ` քանդել ինչ-որ մի կառույց, պարտապանը գումար չունի, և ծախսն ընկնում է արտաբյուջեի վրա»:

«Սա լուրջ վերլուծելու կարիք կա, որ մեր հասարակությունն իմանա՝ ո՞ւր է գնում էդ մեկ միլիարդը»,- ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ա. Հովհաննիսյանը շեշտեց, որ աշխատավարձը արտաբյուջեի մի փոքր մասն է միայն, 90 հազար կատարողականից միայն 20%-ին է հաջողվում գումար բերել, իսկ մյուսների կատարման համար պետք են գործողություններ` մասնագետ վարձել, եթե անշարժ գույքն աճուրդի է հանվում, որ գնահատի, և այլն:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ ԴԱՀԿ գործողություների համար հարկադիր գանձվող 2500 դրամը հաճախ չեն վճարում, եթե չունեն գումար:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տարակուսեց, թե ինչպե՞ս չեն վճարում.

«Որտեղի՞ց, եթե չունի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

«Գրպանից՝ որտեղի՞ց»,- հակադարձեց Հ.Սահակյանը:

«Շատ են դեպքերը, երբ չունեն ոչինչ` ո՛չ սեփական տուն, ո՛չ ուրիշ բան»,- նկատեց Ա. Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս