
«Ինչո՞ւ ՎՊ-ի ոչ ֆինանսական ցուցանիշները գրեթե մշակված չեն». Հովհաննես Սահակյանի կշտամբանքը՝ ՎՊ-ին

Այսօր ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ՎՊ-ն կարողանալո՞ւ է 2017 թվականից բյուջեն 100% աուդիտ անել, որը պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը վերածվելու է Հաշվեքննիչ պալատի:
«Հաշվեքննիչ պալատի անցնելուց հետո փորձելու ենք վերլուծել և ներկայացնել»,- պատասխանեց Ա. Ներսիսյանը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում ՎՊ-ի ոչ ֆինանսական ցուցանիշները գրեթե մշակված չեն. «Ինչո՞ւ, ամենականխատեսելին ձեր ոլորտն է և ամենաճիշտը դուք կարող եք կանխատեսել»:
Ա. Ներսիսյանը հորդորեց սպասել, երբ ՎՊ-ն կդառնա Հաշվեքննիչ պալատ: