
Քնից առաջ գաջեթների օգտագործումը վտանգավոր է

Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից եւ պլանշետներից, կրկնակի ավելի հաճախ են տառապում քնի խանգարումից, քան այն երեխաները, որոնք գաջեթներից օգտվելու հնարավորություն չունեն: Դա պարզել են Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները: Աշխատության մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը:
Գիտնականները վերլուծել են այն 20 հետազոտությունների արդյունքները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 6-19 տարեկան 125 հազար երեխա: Պարզվել է, որ քնից առաջ սմարթֆոնների եւ այլ սարքերի օգտագործումը կապված է քնատության եւ ցերեկային քնկոտության վտանգի հետ: Ընդ որում՝ նույնիսկ ննջարանում գաջեթի ներկայությունը կարող է ազդել քնի որակի վրա: Դա բացատրվում է նրանով, որ երեխաները միշտ պատրաստ են պատասխանել հաղորդագրություններին եւ սպասում են, որ որեւեիցե մեկը կգրի իրենց: