Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Իյադ Մադանին հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Մադանին որոշել է պաշտոնաթող լինել «առողջական վիճակի կապակցությամբ»: Մինչդեռ դիտորդներից շատերը նրա հեռանալը կապում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հասցեին վերջերս նրա արած կատակի հետ, որը վրդովմունք Է առաջացրել արաբական բազմաթիվ երկրներում:
Անցած շաբաթ ԻՀԿ-ի ղեկավարը, Թունիսում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, վրիպում է թույլ տվել՝ Թունիսի նախագահին (Բեժի Քայիդ Էս Սեբսի) անվանելով աս Սիսի: Ներողություն խնդրելով «ահավոր» եւ ցավալի սխալմունքի համար՝ գլխավոր քարտուղարը, ըստ երեւույթին, փորձելով դուրս գալ անհարմար վիճակից, դիմել Է Թունիսի ղեկավարին՝ ասելով.
«Ես վստահ եմ, որ ձեր սառնարանում ոչ միայն ջուր կա, պարոն նախագահ»:
Այդ կերպ նա փորձել է հեգնել Եգիպտոսի նախագահի վերջին ելույթը վերջերս Շարմ Էշ Շեյխում կայացած երիտասարդական համաժողովում, երբ աս Սիսին ասել է «Իմ սառնարանում տասը տարի շարունակ միայն ջուր է եղել»: Իր խոսքերով՝ Եգիպտոսի նախագահը փորձել Էր երիտասարդ ձեռնարկատերերին ներշնչել սեփական ուժերին հենվելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե սպասել ուրիշների օգնությանը, հատկապես ներկայիս ծանր տնտեսական իրավիճակում:
«Այդօրինակ արտահայտությունները չեն համապատասխանում կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականություններին եւ նրա զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությանը, էական ազդեցություն են գործում նրա աշխատանքի եւ իր լիազորությունները կատարելու ընդունակության վրա»,-կատակը մեկնաբանել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին: Բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է «Եգիպտոսի կողմից ԻՀԿ-ի քարտուղարության եւ անմիջականորեն նրա գլխավոր քարտուղարի հետ աշխատանքում իր դիրքորոշման վերանայման» հնարավորության մասին:
Ավելի ուշ Իյադ Մադանին ներողություն է խնդրել իր խոսքերի համար՝ հայտարարելով, թե ոչ մի կերպ չէր ցանկանում վիրավորել Եգիպտոսի քաղաքական ղեկավարությանը: Սակայն, մի շարք աղբյուրների տեղեկատվության համաձայն, բազմաթիվ ազդեցիկ պետություններ պահանջել են Մադանիի պաշտոնաթողությունը:
Իյադ Մադանին Սաուդյան Արաբիայի հպատակ է, տարբեր ժամանակներում նախարարական պաշտոններ է զբաղեցրել թագավորությունում: Ներկայում Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հարաբերությունները ոչ դյուրին ժամանակներ են ապրում, մասնավորապես, Սիրիայի իրադրության շուրջ տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: