
ԱՄՆ պետդեպը դատապարտել է լրագրողների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների բռնաճնշումները

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ պաշտոնական շրջանակների ճնշումների առնչությամբ: Մասնավորապես, խոսքը Թուրքիայի ամենահայտնի թերթերից մեկի` «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, ինչպես նաև մի խումբ լրագրողների ու սյունակագիրների ձերբակալության մասին է: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:
«Որպես Թուրքիայի դաշնակից և ընկեր` մենք հորդորում ենք Թուրքիայի կառավարությանը ապահովել երկրում օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է դառնում, երբ թույլատրվում է բազմակարծությունը, հատկապես ամենադժվարին ժամանակներում: Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից, որոնք օգնում են ապահովելու ժողովրդավարության ամրությունը»,- նշել է Քիրբին: