Վրաստանի խորհրդարանում կաշխատի ազգությամբ երեք հայ պատգամավոր
Վրաստանում ավարտվեց Իններորդ համագումարի Խորհրդարանի ձևավորման գոծընթացը։ Վրաստանի Իններորդ Համագումարի Խորհրդարանում կաշխատեն ազգությամբ հայ երեք պատգամավոր (Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամել Մանուկյանը) և 4 ադրբեջանցի։ Չորս ադրբեջանցի պատգամավորներից մեկը՝ հայերի հանդեպ իր մոլի ատելությամբ հայտնի պատգամավոր Ազեր Սուլեյմանովն է։ Այս մասին գրում է armenian-community.ge կայքը:
Ինչ վերաբերում է կուսակցությունների միջև խորհրդարանական մանդատների բաշխման հարցին, ապա չնայած նրան, որ քվերակության երկրորդ փուլի արդյունքների հաշվարկման պաշտոնական գործընթացը դեռևս շարունակվում է, արդեն հայտնի է պատգամավորների ճշգրիտ ցուցակը, որոնք աշխատելու են երկրի Խորհրդարանում 2016-2020թթ-ին։
«Հայրենասերների Միություն» կուսակցությունը ստացել է 6 մանդատ 150 տեղանի Խորհրդարանում, «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունը՝ 27 մանդատ, մեկական պատգամավորական մանդատ են ստացել «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ «Վրացական երազանք» կուսակցությունը Խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնությունը՝ 115 մանդատ։
Սահմանադրական մեծամասնությունը ոչ միայն Կառավարության կազմը ինքնուրույն ձևավորելու իրավունք է, այլև առանց որևէ մեկի աջակցության, միակողմանիորեն ցանկացած օրինագիծ ընդունելու, այդ թվում նաև Սահմանադրական տեքստում փոփոխություններ մտցելու իրավունք է։ «Վրացական երազանքը» կօգտվի արդյոք այդ առավելությունից ի շահ երկրի, թե ոչ, ժամանակի հարց է։ Այսօրվա դրությամբ միայն մի բան է հայտնի՝ երկրի Խորհրդարանում Սահմանադրական մեծամասնությունը ստանալով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը նաև ստանձնել է ողջ պատասխանատվությունը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի կունենան երկրում հետագա 4 տարիների ընթացքում։
«Ուզում եմ հիշեցնել Վրաստանի հասարակությանը, որ քաղաքական գործունեությունն ընտրություններով չի ավարտվում, այլ սկսվում է։ Համապատասխանաբար, ուզում եմ ակտիվորեն կոչ անել ձեզ ներքաշվե՛ք քննարկումների մեջ, իշխանությունների գործունեության վերահսկողության մեջ, մասնակցե՛ք քաղաքական երկխոսությանը», -շնորհավորելով երկրի բնակչությանը Խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահը։