ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները՝ ՀՀ գլխավոր դատախազին. ՀՔԱՎ
2016 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպման շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները:
-Միասնականացնել դատախազության գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կիրառվող տերմինաբանությունը:
-Առանձին կերպով սահմանել գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու, առաջադրվելու համար նախատեսված նվազագույն չափանիշները:
-Հստակ սահմանել, թե որ դեպքերում է դատախազը իրավասու հրաժարվել մեղադրանքից և որ դեպքերում` պարտավոր:
-«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել որպես նույն հոդվածի առանձին մաս:
-Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դեպքում սահմանել դատախազի պարտականությունը՝ յուրաքանչյուր դեպքում մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին՝ վնասը կամովին հատուցելու մասին:
– Հստակեցնել դատախազի՝ իր գործունեության ընթացքում անկախության երաշխիքները: Հսկող դատախազի անկախության ապահովման նկատառումներից ելնելով՝ վերացնել վերադաս դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, ինչպես նաև՝ դատախազի կողմից ներկայացված բողոքը վերադաս դատախազի կողմից հետ վերցնելու իրավունքը:
– Հստակեցնել ՀՀ դատախազության համակարգում դատախազների գործունեության վերաբերյալ վերահսկողության շրջանակները:
– Ամրագրել դատախազի «ծառայողական պարտականություններ» եզրույթի սահմանումը: – ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ձևավորել հասարակական դիտորդների խումբ՝ պետության հսկողության ներքո անձանց պահելու, գտնվելու հիմնարկություններում (քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, զինված ուժեր, հոգեբուժարաններ, հատուկ կրթական հաստատություններ, խնամքի կենտրոններ (ծերանոցներ, մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ և այլն), ոստիկանության բաժիններ և ներքին զորքեր, քննչական մարմիններ, ՁՊՎ-եր և այլն) մշտադիտարկումներ իրականացնելու և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու համար:
– Համապատասխանեցնել ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՄԱԿ-ի՝ Դատախազների դերի վերաբերյալ Ղեկավար սկզբունքներին:
-Դատախազության գործունեության նկատմամբ մշտադիտարկում՝ հասարակական կազմակերպությունների կողմից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ