Բաժիններ՝

Բյուջեի հիմնական սկզբունքները. մեկնարկել են Հայաստանի 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց նախագծի հիմնական կարևոր սկզբունքները:

Ըստ նրա` բյուջեի նախագիծը պետք է լինի մակրոտնտեսական միջավայրին համահունչ, երկրորդ կարևոր սկզբունքը մակրոտնտեսական միջավայրի կայունությունն է, որ հատկապես տնտեսվարող սուբյեկտների, ներդրումների համար է կարևոր: Նախարարը կարևորեց նաև պարտքի կայունությունը.

«Դրա համար բյուջեն կազմվել է այնպես, որպեսզի միջնաժամկետ հատվածի համար ունենանք կանխատեսելի ու կառավարելի պարտք»,-ասաց նա:

Վ. Արամյանի խոսքով` երրորդ սկզբունքը հարկային եկամուտների հավաքագրման մոտեցումներն են, որոնց դեպքում տնտեսվարողների համար լրացուցիչ ու անհարկի բեռ չի ստեղծվի.

«Եթե իրականում դու ճիշտ չես գնահատում քո տնտեսության հնարավորությունները, վարչարարական գործիքները, եթե իրականությունից դուրս հարկային եկամուտներ ես նախատեսում, ապա կարող ես շեղումներ ունենալ: Իսկ եթե տնտեսվարող սուբյեկտներն ընթացքում ունենում են խնդիրներ, ապա դա լուրջ ազդում է տնտեսական պոտենցիալի վրա»:

Նախարարի խոսքով` չորրորդ սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ ունեցող պարտավորությունների իրականացումն է:
Ըստ նրա` հաջորդ տարի միջազգային կառույցները համաշխարհային տնտեսության աճի փոքր-ինչ արագացում են կանխատեսում՝ 3.4 %.

«Այս աճը հիմնականում ակնալվում է զարգացող ու անցումային շրջանում գտնվող երկրներում: Ռուսաստանի տնտեսության համար ևս դրական աճ է կանխատեսվում՝ այն ամենից հետո, երբ մասնագետները հայտարարել էին, թե ՌԴ տնտեսությունն արդեն հասել է հատակին: Բնականաբար, սա մեզ վրա դրական է ազդելու: Նավթի շուկայում ևս միջազգային կառույցները գների որոշակի աճ են կանխատեսում»,-ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս