«Հոկտեմբերի 30-ի առիթով մենք տխուր զուգորդություններ ենք տեսնում Խորհրդային Միության հետ». Պարույր Հայրիկյան
«Հոկտեմբերի 30-ին մենք՝ բոլոր քաղկալանավորներս, հացադուլ էինք հայտարարում, Սովետական Միության իշխանությունները ծանր իրավիճակում էին հայտնվում, որովհետև նրանք ասում էին՝ մենք քաղկալանավոր չունենք, ինչպես այսօր Հայաստանի իշխանություններն են ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ը խորհրդային տարիների քաղբանտարկյալի օրն է։
Պ. Հայրիկյանը պատմեց, որ Սովետական Միությունում աշխատում էին այդ հարցը մոռացության մատնել, իրենք էլ հացադուլերով աշխարհին իրազեկում էին այդ մասին։ «Մենք այսօր բավականին տխրելու բան ունենք։ Այսօր սխալ է խոսել քաղկալանավորների մասին, Հայաստանում կան քաղաքական հալածյալներ, որոնց մեջ կան քաղաքական պատճառներով ու նկատառումներով կալանավորվածներ, նրանց թվում կան նաև խղճի կալանավորներ։ Քաղաքական հալածյալն ինչո՞վ է տարբերվում քաղկալանավորից. երբ եղել է կալանավոր, նրան ազատ են արձակել, բայց դատական գործը դեռևս կասեցված չէ։ Հայաստանում մի քանի տասնյակ քաղաքական հալածյալ կա։ Հոկտեմբերի 30-ի առիթով մենք տխուր զուգորդություններ ենք տեսնում Խորհրդային Միության հետ»,- նշեց ԱԻՄ առաջնորդը։