«Մեր և երկրի շահերից է բխում, որ նման մարդիկ գան, մտնեն քաղաքականություն». Արմեն Ռուստամյանը` Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն։ Ավելին, դա լիովին հավանական է համարում: Ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց Ա.Ռուստամյանը, Հարվարդ ավարտել պետք չէ՝ քաղաքականությամբ զբաղվելու համար:  «Մենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու լավ փորձ ունենք, և այն, որ ինքն առաջնորդվում է նրանով, որ երկրում շատ բաներ փոխենք առանց արյան, շատ լավ է: Այն տրամաբանությունը, որ այսօր ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև մի կողմ քաշվելը սխալ է»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանի կարիքն ունի իր շրջապատը, այն մարդիկ, ում իսկապես Գագիկ Ծառուկյանը բարեգործությամբ փորձում է օգտակար լինել: «Եթե էջեր ծալելու, հետո չբացելու մասին է խոսքը, այդ ծալած էջերը մնում են Հարվարդում: Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել, որ զարմանալ չի կարելի, որ բազմիցս ծալված էջեր բացվել են»,- նկատեց Ա.Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ի հետ Ծառուկյանի վերադարձը չի համաձայնեցվել. «Եվ ինչո՞ւ պետք է համաձայնեցվի, մարդն ազատ է և կարող է տնօրինել իր ճակատագիրն այնպես, ինչպես ցանկանում է»:

Ընդդիմադիր դաշտի համախմբման վերաբերյալ Ա.Ռուստամյանը հիշեցրեց անցյալը, երբ քառյակը փոխակերպվեց եռյակի։ Հիշեցնելով՝ նա միաժամանակ նկատեց, որ, եթե քառյակը շարժվեր ՀՅԴ առաջարկած մարտավարությամբ, չէր տրոհվի, քանի որ իրենք իշխանափոխության հասնելն օր առաջվա խնդիր չէին սահմանել, իսկ եթե մի բան ասվում է, պետք է դրա համար պատասխանատվություն կրել:

Ըստ Ռուստամյանի` Գագիկ Ծառուկյանը քաղաքական կամք ունեցավ հեռանալու, քանի որ երկրին արյունահեղություն էր սպառնում. «Մենք կողմնակից ենք փոխելուն, բայց դա պետք է կատարվի առանց ցնցումների: Մեր և երկրի շահերից է բխում, որ նման մարդիկ գան, մտնեն քաղաքականություն: Այն ժամանակ մի խումբ կար, որ ուզում էր արյունահեղություն լինի, Գագիկ Ծառուկյանը կանխեց»,- հավելեց Ա.Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս