Ռուսաստանում առաջարկել են աղքատության նպաստ սահմանել

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է Ռուսաստանում սահմանել աղքատության նոր նպաստ։ Այդ մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն։

Նրա խոսքով՝ վիճակագրության համաձայն՝ նյութական աջակցության կարիք ունեն առաջին հերթին մինչև 16 տարեկան երեխաներ, հատկապես 2 և ավելի երեխաներ և 1 աշխատող ծնող ունեցող ընտանիքները։

Նեստերենկոն նշել է, որ աշխարհի երկրների մեծ մասը ակտիվ միջոցառումներ է ձեռնարկում իր բնակչության աղքատ խմբերին պաշտպանելու նպատակով և տրամադրում է աղքատության հասցեական նպաստներ։

«Այսօր ճիշտ կլիներ նաև մեզ համար անցում կատարել կարիքավորության սկզբունքի կիրառմանը առանձին սոցվճարումների նշանակման ժամանակ և քննարկել նպաստի նոր տեսակի՝ աղքատության նպաստի սահմանման հնարավորությունը»,- հայտարարել է նա։

Սակայն, ըստ պաշտոնյայի, դրա համար անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել այդ հասկացությունը, օգնության կարիք ունեցողների միասնական չափորոշիչները, ընտանիքի կամ միայնակ քաղաքացիների գույքի ու եկամուտների գնահատման կարգը։
Նեստերենկոն նշել է, որ այդ առաջարկություններն իրենց արտացոլումը չեն գտել մոտակա 3 տարվա բյուջեի նախագծում։

Տեսանյութեր

Լրահոս